«Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը՝ բախումներով

Հունիսի 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար «Սասնա ծռեր» զինված խմբի 12 անդամների և 2 աջակիցների գործով դատական առաջին նիստը, սակայն նիստը հետաձգվեց։ Դատարանը որպես պատճառաբանություն ներկայացրեց նիստերի դահլիճում զինված խմբի մտերիմների և աջակիցների աղմուկը, ինչպես նաև զինված խմբի ընդգծված արհամարհանքը դատարանի նկատմամբ․ խումբը հրաժարվեց անգամ ոտքի կանգնել դատավորի ներս մտնելու ժամանակ՝ ասելով, որ իրենց ոչ ոք իրավունք չունի դատել։
Դեպի դատարանի շենք «Սասնա ծռերի» աջակիցները շարժվել էին երթով։ Դատարանի շենքի առջև ոստիկանության և զինված խմբի աջակիցների միջև բախումներ եղան. դահլիճի փոքրության պատճառով մարդկանց ներս չէին թողնում։