ՆԱՏՕ-ի պաշտոնյան այցելել է ԱԻՆ

Հունիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի ղեկավարած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման, երկրի դիմակայունության և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղություններով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումը «Անհատական գործընկերության գործողությունների» (ԱԳԳԾ) ծրագրի շրջանակում:

Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցությունը կրթական ոլորոտւմ՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հարթակում. քաղաքացիական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար  նախատեսվում է տարբեր ծրագրերի միջոցով աղետների արձագանքման ուժերի մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների բարելավում, փորձի փոխանակում, փրկարարների վերապատրաստում:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը՝ ՆԱՏՕ-ի մեխանիզմների կիրառությամբ. «Տարածաշրջանային համագործակցության ոլորտում մենք բաց ենք բոլոր գործընկերների համար, քանի որ գտնվում ենք աղետավտանգ նույն աշխարհագրական միջավայրում»,-նշել է նախարար Տոնոյանը: