Վրաստանի Հանրային հեռարձակողը դադարեցնում է «Ազատության» երկու ծրագրերի հեռարձակումը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ծանուցվել է, որ Վրաստանի Հանրային հեռարձակողը հունիսի 17-ից դադարեցնելու է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության՝ մեծ պահանջարկ ունեցող երկու ծրագրերի հեռարձակումը, իբրև պլանավորված վերակազմավորման գործընթացի մաս: Քննադատները, մինչդեռ, պնդում են, որ այդ քայլը ուղղված է անկախ ձայների լռեցմանը, ասված է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդագրությունում:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հունիսի 5-ով թվագրված նամակում Վրաստանի Հանրային հեռարձակողը «Ազատության» «Կարմիր գոտի» և «ԻնտերVIEW» ծրագրերի հեռարձակման դադարեցումը հիմնավորել է նոր եթերաշրջանով և «նոր ծրագրեր ներկայացնելու» պլաններով:

OC Media կայքը հաղորդում է, որ Վրաստանի Հանրային հեռարձակողի որոշման դեմ Թբիլիսիում անցկացվել է բողոքի ակցիա: Հավաքվածները դատապարտել են ծրագրերի փակումը՝ նշելով, որ որոշումը հարցեր է առաջացնում Հանրային հեռարձակողի բուն գաղափարի առնչությամբ:

Հունիսի 14-ին Հանրային հեռարձակողի որոշումը քննադատել է նաև Վրաստանի Լրագրողական էթիկայի խարտիան՝ հայտարարելով, որ երկու ծրագրերը հեռուստադիտողին առաջարկում են «բարձրորակ մեդիա արտադրություն» և համապատասխանում են լրագրողական «ամենաբարձր չափորոշիչներին»:

Իրավապաշտպան կազմակերպությունները, մինչդեռ, հիշեցնում են, որ Վրաստանի Հանրային հեռարձակողի նոր տնօրեն Վասիլ Մագլապերիձեն «քաղաքականապես չեզոք չէ», քանի որ 2012թ. զբաղեցրել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Մեցխրե Արխի» հեռուստաալիքի փոխտնօրենի պաշտոնը: