Միջնորդները վերջին շրջանում շփման գծում լարվածության պատասխանատվությունը դնում են հենց Ադրբեջանի վրա․ Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը մեկնաբանում է Մինսկի խմբի՝ հունիսի 19-ի հայտարարությունը, որն ընդունվել է հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով՝ շփման գծում լարվածության ֆոնին։ «Քանի որ Մինսկի խումբը չեզոք միջնորդի մանդատ և հավակնություն ունի, նրա հայտարարությունները չեն կարող հավասարապես բավարարել հակամարտության կողմերին,- կարծում է լրագրողը։ – Սակայն եթե մենք ղարաբաղյան հակամարտությանը նայենք չեզոք աչքերով, ապա ակնհայտ է, որ միջնորդները վերջին շրջանում շփման գծում արձանագրված լարվածության և ողբերգական դեպքերի պատասխանատվությունը դնում են հենց Ադրբեջանի վրա»։

«Այս հայտարարությունը հատկանշական է հայկական կողմից չորս զոհերի, ինչպես նաև վիրավորների համատեքստում։ Համանախագահները, որոնք միջնորդներ են, հետևաբարար, կարող են կողմերին միայն հորդորել և չունեն շփման գծում լարվածությունը նվազեցնելու այլ մեխանիզմ՝ բացառությանբ կոչերի և հորդորների, այս հայտարարությամբ նախևառաջ նշում են Ադրբեջանի և նրա ղեկավարության անունը՝ հորդորելով զերծ մնալ լարումից»,- ասում է Թաթուլ Հակոբյանը՝ հավելելով, որ իհարկե, հաջորդ իսկ նախադասությամբ նույն կոչը հղում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։

Լրագրողի դիտարկմամբ՝ «այլ կերպ չէր կարող լինել, քանի որ Ադրբեջանը այդ դեպքում նրանց հերթական անգամ կմեղադրեր կողմնակալության մեջ և կշարունակեր կարգավոման գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից հանելու իր մտադրությունն ու փորձերը»։

Մյուս կողմից, պետք է հասկանանք, որ Մինսկի խմբի կոչերով, անկախ նրանից՝ ում հղված կլինեն, հնարավոր չէ շփման գծում լարվածության նվազեցում, քանի դեռ կողմերից գոնե մեկը հետևողականորեն լարվածության առիթներ է ստեղծում՝ սպանելով զինվորների

«Հայկական կողմերը պետք է նաև հասկանան, որ իրենց վեճը Ադրբեջանի հետ է,- նկատում է Հակոբյանը։ – Հետևաբար, միջազգային կառույցներին հղումները ոչ մի կերպ չեն զսպելու Ադրբեջանի՝ իրավիճակը հետագայում ևս սրելու քայլերը»։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար օգտագործում են պարկեշտ բառապաշար

Թաթուլ Հակոբյանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ համանախագահները միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար օգտագործում են «պարկեշտ բառապաշար», այն է՝ «դե ֆակտո իշխանություններ», ինչպես նաև, երբ պատմում են Զանգելան, Ղուբաթլու, Լաչին և Քելբաջար այցելությունների մասին, օգտագործում են «Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներ» «չեզոք ձևակերպումը»։

«Մենք պետք է նաև նկատենք, որ համանախագահները Բաքվում հանդիպել են «Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի համայնքի» հետ։ Սա առաջին նման հանդիպումը չէ․ համանախագահները, տուրք տալով ադրբեջանական կողմի ցանկությանը, փորձում են ղարաբաղյան խնդիրը դիտել ներհամայնքային տեսանկյունից, ինչն անընդունելի է հայկական կողմերի համար»,- եզրափակում է Հակոբյանը։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել