Պաշտպանության նախարարը գրեթե համոզված է՝ լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գրեթե համոզված է, որ Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի։

Պաշտպանության նախարարությունում այսօր հրավիրված ասուլիսին նախարար Վիգեն Սարգսյանին հարց ուղղվեց, թե որքանով է հավանական պատերազմի վերսկսումը։

«Ես գրեթե համոզված եմ, որ լայնամասշտաբ պատերազմ պետք է չսկսվի պարզ պատճառով, որովհետև այդ պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել: Չկա պատերազմական գործողությունների այնպիսի զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել հօգուտ Ադրբեջանի»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

«Ադրբեջանում, որտեղ չկա քաղաքացիական-ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմ, ռազմական գործողությունների վերսկսումը կարող է բազմաթիվ դրդապատճառներ ունենալ, որոնք դրսի դիտորդի համար կարող են աննկատելի լինել»,- ասաց նախարարը՝ ընգծելով, որ պատերազմի հավանականության մասին զեկույցներ ներկայացնող վերլուծական խմբերը հաճախ հենվում են սպառազինության քանակների, դրանց տեղաշարժի, զորավարժության տեսակների և այլնի վրա:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ կա մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս իր պետության և տնտեսության համար․

«Ի դեպ, ես չեմ նվազեցնում այն վտանգները, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար»: