Իսրայելի ներգրավվածությունը ԼՂ հակամարտությունում կունենա բացասական հետևանքներ․ Ալի Լարիջանի

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ՀՀ իր պաշտոնակից Արա Բաբլոյանի հետ զրույցում շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ներգրավվածությունը բացասական հետևանքներ կունենա, հաղորդում է իրանական Mehr News գործակալությունը։

Բաբլոյանի և Լարիջանիի հանդիպումը տեղի է ունեցել Սեուլում եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների տարեկան հանդիպման շրջանակում։ Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Ադդրբեջանի միջև «հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության»։

Լարիջանին նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ էներգետիկ, տարանցման և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում։

***

Հունիսի 22-ին իսրայելական Jerusalem Online պարբերականը հրապարակել էր հոդված՝ «Կատարելագործված հրթիռային համակարգը փորձարկվել է Իսրայելում և ապա օգտագործվել Ադրբեջան-Հայաստան հակամարտությունում» խորագրով հոդված, որն ուղեկցվում էր տեսանյութով։

Կայքը գրում էր, որ Իսրայելի Rafael ռազմարդյունաբերական ընկերությունը Փարիզում կայացած ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է նոր՝ հինգերորդ սերնդի Spike հրթիռ (Spike LR II կամ Spike 2), որն ունի 5,5 կմ հեռահարություն, երբ արձակվում է ցամաքից և 10 կմ հեռահարություն՝ կործանիչից արձակվելու դեպքում։

«Նոր հրթիռը առաջին անգամ կիրառվել է մի քանի շաբաթ առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։ Ադրբեջանի ցամաքային ուժերի տեսագրությունում երևում է, թե ինչպես է արձակվում հրթիռը, որը ոչնչացնում է հայկական զինված ուժերի SA-8 զենիթահրթիռային համալիրը։ Օտարերկրյա հաղորդագրությունների համաձայն՝ Հեզբոլլահը նույնպես ունի այս տեսակի հակահրթիռային համալիր»,- գրում է թերթը։

Անցյալ շաբաթ ադրբեջանական կայքերից մեկի հետ զրույցում իսրայելցի փորձագետ, Ռուսաստանում և Ուկրաինայում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը ասել էր, որ Իսրայելը Ադրբեջանին կմատակարարի նոր սպառազինություններ։ Մագենի խոսքով՝ «Իսրայելի վստահությունը Ադրբեջանի հանդեպ այնքան մեծ է, որ այդ երկիրը պատրաստ է ադրբեջանական բանակին մատակարարել ամենաարդի սպառազինությունները, որոնք չեն առաքվում աշխարհի այլ երկրներին»։ Փորձագետը նշել էր, որ երկու երկրների միջև ստեղծվել են «ռազմավարական գործընկերության հիմքեր»։

«Իսրայելը վստահ է, որ Ադրբեջանին մատակարարվող արդի սպառազինությունները չեն ընկնի ոչ բարեկամական և խնդրահարույց երկրների ձեռքը։ Ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է։ Կարծում եմ, որ համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, միայն ընդլայնվելու է»,- հայտարարել էր իսրայելցի փորձագետը։

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) հերթական զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:

2016թ․ դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության տարիներին կնքել են մոտ 5 մլրդ դոլարի գործարք։

«Ադրբեջանական և իսրայելական ընկերությունների միջև կնքված՝ պաշտպանական սպառազինությունների ձեռքբերման հետ կապված գործարքների արժեքը կազմում է մոտ 5 մլրդ, իսկ ավելի ստույգ՝ 4 մլրդ 850 մլն դոլար։ Այդ գործարքների մեծ մասն իրագործված է։ Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ և շատ գոհ ենք համագործակցության մակարդակից»,- ասել էր Ալիևը։

Կարդացեք նաև՝

Ադրբեջանը Իսրայելից կգնի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգ․ նախարար

Նեթանյահուի այցը Բաքու՝ նոր դավադրություն տարածաշրջանում․ Թեհրանի արձագանքը

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել