Բանակում մահացածների թիվը 2017թ․ վեց ամիսներին, ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը

2017թ․ հունվար-հունիս ամիսներին հայկական բանակում մահացել է ընդհանուր 36 հոգի։ Այս թիվը ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հուլիսի 6-ին հրապարակած տեղեկանքում։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարզել է, որ 2016թ․ 13 զինծառայողի մահվան մասին չի հաղորդվել ո՛չ պաշտոնապես, ո՛չ լրատվամիջոցներով։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսումնասիրել է ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում 2017թ. առաջին կիսամյակում մահացության դեպքերի վերաբերյալ լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները:

Ըստ այդմ, 2017 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 23 ժամկետային և 13 պայմանագրային զինծառայող, ընդհանուր թվով՝ 36 զինծառայող: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր մահացության 136 դեպք, որի գերակշիռ մասը՝ 77 զինծառայող, 2016 թ. ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով: Ամբողջ 2016 թ․ մահացության թվերի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ճշտված տեղեկությունները ներկայացված են 2017 թ․ հուլիսի 6-ին հրապարակված «2016 թ․ ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ ճշտված տեղեկությունների մասին» տեղեկանքում:

2017թ․ առաջին կիսամյակում մահացության 36 դեպքից 16-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 4-ը՝ սպանության, 6-ը՝ դժբախտ պատահարների, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու և 4-ը՝ առողջական։ 34-ի վերաբերյալ կան պաշտոնական հաղորդագրություններ, մյուս 2 դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրվել են միայն ԶԼՄ հրապարակումներից։ 2 զինծառայողի դեպքում մահացությունը տեղի է ունեցել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ 1-ի դեպքում՝ աշխատանքի գնալու ճանապարհին, մյուս դեպքերում զինծառայողները գտնվել են ծառայության մեջ:

30 մահացության դեպքերով հարուցվել են քրեական գործեր, իսկ մյուս 6-ով քրեական գործ հարուցելու վերաբերյալ տեղեկություն չկա: Տեղեկանքում մահացության թվերը ներկայացված են նաև նախորդ տարիների համեմատությամբ՝ ըստ հանգամանքների: Ըստ դրա՝ եթե 2013-2017 թթ. մահացությունների դեպքերը դիտարկենք առանց 2016 թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետևանքով մահվան դեպքերի՝ կնկատենք, որ 2013-2017 թթ. ընթացքում ավելի շատ մահացություններ գրանցվել են խաղաղ պայմաններում (92), քան հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով (76):

Ուսումնասիրելով հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ կիրառված զինատեսակները և դրանց կիրառման քանակը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նկատում է, որ կիրառված զինատեսակների քանակը կտրուկ աճել է: Տեղեկանքում ներկայացված են նաև մահացության առանձին դեպքերը՝ մանրամասն նկարագրությամբ:

13 զինծառայողի մահվան մասին չի հաղորդվել 2016թ․

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հունվարի 16-ին հրապարակել էր 2016 թ. ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած մահացության դեպքերի մասին տեղեկանք, որում ներկայացված տվյալների համաձայն՝ նախորդ տարում մահացության 162 դեպք է գրանցվել:

Կասկած ունենալով վերոնշյալ տվյալների ոչ լիարժեք լինելու վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել պաշտոնական այլ աղբյուրներով ևս: Դրա արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2016 թ.-ի ընթացքում եւս 13 զինծառայողի մահվան դեպքերի մասին, որոնք չէին ներկայացվել ոչ պաշտոնական աղբյուրներում, ոչ էլ ԶԼՄ-ներով:

Տեղեկանքում ներկայացված են մահացած զինծառայողների անունները և մահվան հանգամանքները: Բացի թվական տվյալներից՝ անհամապատասխանություն կա նաև մահացած զինծառայողների անուն-ազգանունների մեջ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներով ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ որոշ զինծառայողների անուններ չեն համապատասխանում պաշտոնական աղբյուրներում ավելի վաղ հրապարակված անուններին, և ենթադրաբար դրանք նույն անձինք են, պարզապես նրանց անուն-ազգանուններում վրիպակ է տեղի ունեցել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ամբողջական տեղեկանքը։

Մեկնաբանել