Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանն այսօր հրապարակել է Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը․ նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, հաղորդում են ադրբեջանական կայքերը։
Դատախազն ավելի վաղ պահանջել էր 6,5 տարվա ազատազրկում։
Մեղադրական ակտից հանվել է 281.2-րդ հոդվածը (պետության դեմ ուղղված կոչեր)։ Դատարանում նշել են, որ քննչական միջոցառումների ընթացքում տվյալ մեղադրանքը չի հաստատվել։ Արդյունքում Լապշինը դատապարտվել է 318.2-րդ հոդվածով՝ (պետական սահմանի ապօրինի հատում)։
Հուլիսի 19-ին կայացած նիստին Լապշինի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի գրառումները կրել են «զուտ տեղեկատվական բնույթ» և նա չի արել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման կոչեր։ Ապա վերջին խոսքի իրավունք է տրվել բլոգերին։ Նա ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն «անկեղծորեն ափսոսում է կատարածի համար»։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղ իմ այցելություններին՝ ես անկեղծորեն ափսոսում եմ դրանց համար։ Այդ պահին Ղարաբաղ այցելելու վերաբերյալ իմ տեղեկատվությունը հայկական աղբյուրներից էր»,- ասել է Լապշինը։ Նա հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կհանգուցալուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»։
Ալեքսանդր Լապշինը երկու անգամ՝ 2011 և 2012 թվականներին, այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Բաքու կատարած իր այցելությունների մասին բլոգում քննադատական կարծիքներ է հայտնել Ադրբեջանի մասին։
Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարեվերջին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումով, որտեղ նրա դեմ հարուցված էին քրեական գործեր։ Այս տարվա փետրվարին Բելառուսը բլոգերին արտահանձնել էր Ադրբեջան։