Ազնիվները Ֆիրդուսիից

Կաշառված ընտրողի թեման պետք է մոռանալ: Ավելի լավ է հիշել ազնիվին: Ֆիրդուսու տոնավաճառի ընտրողն ազնվորեն է քվեարկել Տարոն Մարգարյանի օգտին: Ընտրակաշառքով քվեարկելու դեպքում իր քվեն չէր թմբկահարի: Ճանապարհներ փակող գյուղացիները նույնպես ՀՀԿ-ի ընտրազանգվածն են:

Ֆիրդուսու իրենց կրպակները կորցնող առևտրականներն անկեղծորեն զարմանում են՝ սրա համա՞ր ենք ձայն տվել Տարոնին ու Հանրապետականին: Ազնիվ մտահոգություն է: Բայց փոքրիկ խնդիրով: Իսկ ինչի՞ համար եք ձայն տվել: Մինչև ձայն տալը Տարոնն ու Հանրապետականն ամեն ինչ լավ էին անում ու սկսեցին վատ անել ձեր քվեն ձեռք բերելուց հետո՞: Այդպես չի լինում: Տարոնը երբեք չի կեղծել իրեն: Հանրապետականը նույնպես: Դուք այսօր ազնիվ քվե եք դարձել կեղծված ներաշխարհով, իսկ այդ մարդիկ երբեք իրենց չեն կեղծել: Դուք չեք տեսել նրանց կեղծիքը: Դուք ձեր առևտուրն եք արել, ձեր մշակությունը, ոչ մեկից առանձնապես մեծ պահանջներ չեք ունեցել, որովհետև պետությունը որպես միավոր չեք ընկալել: Չեք մտածել, որ պետությունն ամբողջական էր հենց ձեր արած առևտրի ու ձեր մշակության մեջ: Այդպես ազնիվ կարելի էր ապրել ամենուր: Որտեղ ընտրություններ չեն կեղծվել, որտեղ հուսահատության սահմանադրական ներարկումներ չեն արել ժողովրդին: Եթե վերջին 20 տարում ոչ մի վատ բան տեղի չի ունեցել ձեզ հետ, հարգելի ֆիրդուսցիներ, ուրեմն մարտի 1 չի եղել, հոկտեմբերի 27 չի եղել, ընտրություններ չեն կեղծվել: Ուրեմն դուք չեք տեսել, թե պետության մեջ ինչ հետևողականությամբ է գրոհում հակահայը:

Գլուխը կախ մշակը լավ է, երբ պետությունը դիմադրողականություն ունի: Հակառակ դեպքում, մշակը նույնքան ախտահարված է, որքան պետությունը: Գլուխը կախ առևտրականը, ՀՀԿ-ին և Տարոնին քվե տվող առևտրականը հրաշք է, պետության հույս, ապագա, ուղղակի մի քանի տիեզերքներում Հայաստանի հավերժության և ուժի երաշխիք, այս մոլորակի վրա Հայաստանից ավելի արժեքավոր ոչինչ չհայտարարագրող երևույթ: Բայց երբ Հայաստանը մի երկիր է, որտեղ վերջին 20 տարում կա միայն իշխանություն, և ոչինչ իշխանությունից բացի՝ ո՛չ ընդդիմություն, ո՛չ ժողովուրդ, այլ միայն իշխանություն, որը կեղծում է, թալանում ու սպանում և հընթացս էլ նաև արդար քվե ձեռք բերում, գլուխը կախ առևտրականը նույն Սերժ Սարգսյանն է և Տարոն Մարգարյանը այն տարբերությամբ, որ ամեն ինչ արվում է իրենով, ոչ թե ինքը:

Ֆիրդուսի շուկայի առևտրականները գուցե վաղն էլ իրենց քվեն տան Հանրապետականին, գուցե 10 տարի հետո էլ տան: Որովհետև անբարոյականությամբ և անպատասխանատվությամբ ախտահարված պետության մեջ քվեն վերջին սխալն է, որ արվում է քաղաքացու ձեռամբ: Մնացած բոլոր սխալները նա մինչ այդ է անում: Ընդ որում, առանց ձեռքերի: Որովհետև բարոյականությունը, օրենքի և Սահմանադրության զգացումը կորցրած պետության մեջ չի կարելի ասել, որ մարդը ունի ձեռքեր, ոտքեր, գլուխ, մարմին, քիթ, աչքեր: Դիմադրողականություն չունեցող պետության մեջ մարդն էլ չկա: Որովհետև շուտով չի լինի: Արտագաղթը հենց դա է՝ դիմադրողականության իսպառ բացակայությունը: Տարոնն ամեն ինչ ճիշտ է անում ապականության մեջ: Ավելին, ապականության մեջ հենց Տարոնը կարող է ճիշտ լինել: Հենց դրանով է այն ապականություն: Որովհետև անապակության մեջ Տարոնը խոզ կպահեր: Սերժ Սարգսյանը նույնպես: Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը նույնպես: Եվ գուցե նույնիսկ այդ ժամանակ խոզերը մի հրաշքով մտածեին՝ արժե՞, որ իրենց պահեն այս մարդիկ: Ապականությունը առանց Ֆիրդուսիի առևտրականի չի լինում: Բավական է, որ նա չդիմադրի տականքին:

Ֆիրդուսիի իր կրպակը կորցնող առևտրականը զարմանում է, որովհետև չի տեսնում իր քվեի և կորցնող կրպակի կապը: Ոչ թե իր քվեով նա քարտ բլանշ է տվել Տարոնին, որ սա իր կրպակը քանդի, այլ այդ քվեն պետությունը շրջանցելով է նա տվել Տարոնին, իսկ Տարոնը պետության հետ նույնքան կապ ունի, որքան՝ Կոմիտասի պանթեոնի փիլիսոփայությունը՝ Անդրանիկ Մարգարյանի:

Մեկնաբանել