Փորձում են ինձ փախստական դարձնել․ Միխեիլ Սաակաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է հրապարակել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելուց հետո։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Ավելի վաղ՝ 2015թ․, Սաակաշվիլին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից։

Իր հրապարակած տեսաուղերձում Սաակաշվիլին քննադատում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին և օլիգարխիկ վարչակարգին։

«Ես հասարակ ուկրաինացի եմ։ Այսօր ես ենթարկվում եմ նույն մոտեցումներին, որոնք Ուկրաինայի դատախազներն ու բյուրոկրատները կիրառում են սովորական ուկրաինացիների դեմ, որոնց իրավունքների վրա թքած ունեն։

Ես Ուկրաինայում ապրել եմ ավելի քան 13 տարի, մասնակցել եմ երեք հեղափոխությունների, բոլորը՝ Ուկրաինայում՝ Գրանիտի հեղափոխությունը (1991) և Մայդանի երկու հեղափոխություններին։ Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ՝ Ուկրաինայի, և ես դրանից չեմ զրկվելու!»,- ասել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլիի խոսքով՝ փորձ է արվում իրեն փախստական սարքել․

«Այժմ փորձում են ինձ փախստական դարձնել։ Դա չի լինելու։ Ես որևէ այլ տեղ չեմ մնալու և չեմ փոխելու կարգավիճակս։ Ես պայքարելու եմ Ուկրաինա վերադառնալու իմ օրինական իրավունքի համար։ Պորոշենկոն որոշել է ինձ քաղաքացիությունից զրկել դավադիր ձևով՝ այն ժամանակ, երբ ես երկրում չէի։

Երբ Իշխանությունները հասկացան, որ ընդդիմությունը միավորվում է, որպեսզի աշնանը դուրս գա փողոց և վերջ դնի օլիգարխիկ պակտին, նրանց վախն իսկույն վեր եղավ բանականությունից։ Նախագահ Պորոշենկոն թքել է Սահմանադրության վրա, որի երաշխավորն է կոչված լինել։

Պորոշենկոն Վրաստան էր մեկնել ոչ միայն երկու երկրների միջև կապեր հաստատելու, այլև գալու մեկ այլ համաձայնության, այս անգամ՝ երկու օլիգարխիկ վարչակարգերի՝ Ուկրաինայի Պորոշենկոյի և «Գազպրոմի» խոշոր բաժնետեր, ռուսամետ Իվանիշվիլիի միջև»։

Սաակաշվիլին նշել է, որ երկու օր առաջ Պորոշենկոն փոխել է Քաղաքացիության հանձնաժողովի կազմը և հուլիսի 24-ին նոր մարդկանց է նշանակել այդ հանձնաժողովում, որպեսզի այդ մարմինն ամբողջությամբ հնազանդվի և համաձայնի նախագահի որևէ քմահաճության։

«Ես ավելի շատ ուկրաինացի եմ, քան ներկայիս պատգամավորները։ Ես սիրում եմ Ուկրաինան ամբողջ սրտով և շարունակելու եմ պայքարել այստեղ՝ մեր Ուկրաինայում՝ ի հեճուկս որևէ հանգաանքի»,- խոսքը եզրափակել է Սաակաշվիլին։

***

Ուկրաինայի պետական միգրացիոն գործակալությունը հայտարարել է, որ Սաակաշվիլին զրկվել է քաղաքացիությունից, քանի որ նա անձնագիր ստանալիս սխալ տեղեկություններ է հաղորդած եղել։

2015թ․ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու հայտադիմումում նշված է եղել, որ Ուկրաինայում կամ այլուր նա չի հետախուզվում։ Մինչդեռ Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլին «հեռակա ձերբակալել» էին։

Ինքը Սաակաշվիլին անցյալ տարվա վերջին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մտադիր է իրեն զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից։

2015թ․ դեկտեմբերին Սաակաշվիլին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ ստացել էր Ուկրաինայի անձնագիր։ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը Նիդեռլանդների քաղաքացի է։ Հայտնի չէ, թե արդյոք Սաակաշվիլին որևէ այլ քաղաքացիություն ունի, թե ոչ։

Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2004-2007 և 2008-2013 թվականներին։

Մեկնաբանել