Թուրքերի միակ բարեկամը մնացել է Ադրբեջա՞նը

Eurasianet.org կայքի հոդվածագիր Ջոշուա Քուչերան (Joshua Kucera) «Թուրքերի միակ բարեկամը Ադրբեջա՞նն է մնացել» վերնագրով հովդած է հրապարակել Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի անցկացրած հետազոտության վերաբերյալ։ Հետազոտությունը պարզել է, որ թուրքերի ընկալման մեջ բարեկամների թիվը գնալով նվազում է, և միակ բարեկամը թերևս մնացել է Ադրբեջանը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիան անցել է արտաքին քաղաքականության խիստ բարդ ուղով, տարբեր կերպ թշնամանալով ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի և արաբական աշխարհի հետ: Այսպիսով, նրա միակ բարեկամը մնում է Ադրբեջա՞նը:

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի կողմից Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենամյա հանրային ընկալումների վերաբերյալ անցկացրած հարցման արդյունքները կարծես դա են ցույց տալիս։ Հարցին, թե «Ո՞ր երկիրն է Թուրքիայի ամենամտերիմ բարեկամը», թուրքերի ուղիղ 71 տոկոսը նշել է Ադրբեջանը: Երկրորդ տեղում՝ ընդամենը 2 տոկոսով, Պակիստանն է:

Ադրբեջանի՝ որպես բարեկամ երկրի վարկանիշը հաստատուն կերպով աճել է հարցման սկզբից ի վեր՝ 2013թ. 28 տոկոսից և 2015թ. 37 տոկոսից մինչև 2016 թ. 59 տոկոսը: Այն արտացոլվել է մեկ այլ հարցի պատասխաններում. «Ո՞ր երկրների հետ պետք է Թուրքիան համագործակցի արտաքին քաղաքականության բնագավառում»։ Ադրբեջանն այստեղ ևս զբաղեցնում է առաջին տեղը՝ 59 տոկոսով, և 2013 թվականից ի վեր, երբ միայն 12 տոկոսն էր այդպես կարծում, կայուն կերպով բարելավել է դիրքը։ Երկրորդ ամենատարածված արձագանքն է եղել՝ «թուրքալեզու երկրները»՝ 37 տոկոս, ինչը նույնպես զգալիորեն աճել է 2013 թվականից («մահմեդական երկրներ» պատասխանը երրորդն էր 22 տոկոսով):

Հարցին, թե ինչը կարող է լինել Եվրամիության անդամակցության ռազմավարական այլընտրանք, ի հայտ են եկել որոշ համակրանքներ նաև Եվրասիական միությանն անդամակցելու առումով։ Ամենաշատ նշվող պատասխանը եղել է «ռազմավարական համագործակցություն Ռուսաստանի հետ» (28 տոկոս), որը նույնպես կայուն կերպով աճում է 2013 թվականից: Երրորդ տեղում (Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունից հետո) Շանհայի համագործակցության կազմակերպությունն է, իսկ չորրորդը՝ Թուրքիան պետք է ստեղծի «Թյուրքական Միություն»:

Եվրասիական որևէ այլ երկիր, բացի Ադրբեջանից, նման կայուն կերպով չի հայտնվել բարեկամ երկրի վարկանիշում, սակայն մի քանիսը կանոնավոր կերպով հայտնվում են «Ո՞ր երկիրը կամ երկրներն են սպառնալիք ներկայացնում Թուրքիայի համար» բաժնում։ Ռուսաստանը չորրորդ ամենատարածված պատասխանն է, որին թուրքերի 19 տոկոսն ընկալում են որպես սպառնալիք, իսկ Հայաստանը` 18 տոկոսով հաջորդ տեղում է:

Այսպիսով, իսկապե՞ս Ադրբեջանը այդքան սիրելի է դառնում Թուրքիայում։ Երկար ժամանակ եղել է «մեկ ազգ, երկու պետություն» հռետորաբանությունը, քանի որ երկու երկրները խոսում են նման լեզվով և միմյանց տեսնում որպես եղբայրական գործընկերներ: Երկրների միջև առկա է լայնածավալ տնտեսական համագործակցություն, մասնավորապես, նավթի և գազի ոլորտներում, և թուրքերը համակրում և աջակցում են Ադրբեջանին Հայաստանի հետ վերջինիս ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Բայց դա գոյություն ունի վաղուց։ Ի՞նչ է փոխվել 2013 թվականից ի վեր:

Թուրքիայի մի քանի ամենահայտնի կովկասագետների կարծիքով, վերջին շրջանում Ադրբեջանի դիրքի աճը որոշակիորեն պայմանավորված է մյուս երկրների բացառման պատճառով։

«Հիմնական պատճառը, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի վատթարացող հարաբերություններն են ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ»,- նշում է Քադիր Հասի Տնտեսագիտական, վարչական և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Միտատ Չելիքփալան։ «Ռուսաստանը ևս խոստումնալից և վստահելի գործընկեր չէ, արաբներն ավանդաբար ցուցակից դուրս են, և մենք կորցրել ենք մեր կապը Պակիստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների հետ: Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է մնալ որպես միակ «մեկ ազգ, երկու պետությունը» ցուցակում»:

Չելիքփալան մատնանշում է Ադրբեջանի կատարած որոշակի քայլեր, մասնավորապես այն, որ անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո անմիջապես Բաքուն պաշտպանեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաև Բաքվի ջանքերը՝ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության դեմ, որին Էրդողանը մեղադրում է հեղաշրջման փորձի համար:

Չելիքփալան նշում է, որ երկրում սուր ներքին բևեռացումն ու «դավադիր հակումները» նույնպես նպաստում են Ադրբեջանի դիրքի աճին: «Մարդիկ միմյանց չեն վստահում և դիրքորոշում են դրսևորում միմյանց դեմ, նրանցից շատերը կարծում են, որ թշնամական կամ թունավոր այս միջավայրը ստեղծվում է արտաքին ուժերի կողմից։ «Միայնակ գայլի» սինդրոմը արդյունքում միակ բարեկամական դիրքում թողնում է Ադրբեջանին»:

Մեկ այլ վերլուծաբան՝ Գիրեսուն համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Գոքթուրք Թույսուզօղլուն, նշում է՝ Թուրքիայի և նրա արևմտյան գործընկերների միջև լարվածությունը և փոխադարձ հսկայական անվստահությունը ամենակարևոր պատճառն են Ադրբեջանի բարձր դիրքի համար։

Նա նաև մատնանշում է Թուրքիայի քաղաքական մշակույթում աճող պարանոյան: «Այս հասկացությունը, որը կարող է արտահայտվել որպես «թուրքի միակ բարեկամը թուրքն է», առաջ է մղել Ադրբեջանի դիրքերը»,- ասում է նա։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել