Մոլդովայի նախագահը խոստացել է պատժել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող զինվորականներին

Մոլդովայի ազգային բանակի 57-հոգանոց զորակազմը, չնայած նախագահ Իգոր Դոդոնի արգելքին, մասնակցում է Ուկրաինայում սեպտեմբերի 7-23-ը անցկացվող՝ ՆԱՏՕ-ի Rapid Trident 2017 զորավարժություններին։

Ստորաբաժանման գլխավոր հրամանատար, փոխգնդապետ Ալեքսանդրու Մարկուցան ասել է, որ վարժանքների նպատակն է պաշտպանունակության ամրապնդումը և Մոլդովայի ազգային բանակի հեղինակության բարձրացումը միջազգային ասպարեզում։

Օրերս ռուսամետ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ արգելում է երկրի ազգային բանակի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որի վերաբերյալ որոշում էր ընդունել եվրոպական ուղեգիծ որդեգրած կառավարությունը։ Վարչապետ Պավել Ֆիլիպը ասել է, որ նախագահի «արգելքն արդարացնող փաստարկներ չի տեսնում»։ Դոդոնը հրամանագրով կասեցրել է կառավարության որոշումը և հրահանգել պարզել, թե ովքեր են մասնակցում ՆԱՏՕ-ի վարժանքներին ու «օրենսդրության համապատասխան որոշում կայացնել՝ ընդհուպ մինչև կոչումների իջեցում»։

Հարցի վերաբերյալ վերջնական վճիռ կկայացնի Մոլդովայի սահմանադրական դատարանը։

***
2014թ․ հունիսին Մոլդովան Եվրամիության հետ ստորագրել է Ասոցոցման և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։ Իր քարոզարշավի ժամանակ ներկայիս նախագահ Իգոր Դոդոնը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու մտադրության մասին և նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո ակնհայտորեն շրջադարձ կատարել դեպի Ռուսաստան։

2016թ․ դեկտեմբերի 23-ին ընտրվելուց ի վեր Դոդոնը մի քանի ոչ պաշտոնական այց է կատարել Մոսկվա և հանդիպումներ անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա խոսել է ԵՄ-ի հետ համաձայնագրի չեղարկման մտադրության մասին՝ ասելով, որ դրա արդյունքում Մոլդովան կորցրել է դիրքերը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության շուկաներում։

2016թ․ նոյեմբերի վերջին Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ստորագրել են Քիշնևում ՆԱՏՕ-ի բյուրոյի բացման մասին համաձայնագիր։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել նախքան Դոդոնի երդմնակալության արարողությունը։

Վերջերս Բրյուսել կատարած այցի ժամանակ Մոլդովայի նախագահը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը կոչ է արել չբացել այդ Բյուրոն, քանի որ ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության ակտիվացումը, ըստ նրա, կբարդացնի մերձդնեստրյան հիմնախնդրի կարգավորումը։ Դոդոնը Բյուրոյի բացումն անվանել է «սադրանք և Մոլդովայի չեզոքության դեմ ոտնձգություն»։

Մեկնաբանել