Ինչով է սպառնում ղազախա-ղրղզական վեճը ԵՏՄ-ին

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկու երկիր՝ Ղազախստանը և Ղրղզստանը, հարաբերությունների ամենացածր կետում են։ Ղազախստանը փակել է Ղրղզստանի հետ սահմանը։ Սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն այս երկու երկրների հարաբերություններին, այլև բաց սահմաններ ու ազատ աևտուր ենթադրող Եվրասիական տնտեսական միության հետագա կենսունակությանն ու գոյությանը։ Թեմայի շուրջ Carnegie.ru կայքում վերլուծական հոդված է հրապարակել Իվան Զուենկոն։

ԵՏՄ երկու անդամների միջև վեճը շատ լուրջ հարցեր է առաջ քաշում: Այն մեկ անգամ ևս բացահայտում է հարևանների միջև առկա բազմաթիվ հակասությունները, փորձության առաջ դնում ոչ միայն ԵՏՄ կառուցվածքը, այլև ինքնին հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի գաղափարը։

Չկան իրար ավելի մոտ երկրներ, քան Ղազախստանն ու Ղրղզստանը։ Այնուամենայնիվ, ինչպես հաճախ տեղի է ունենում, հենց եղբայրական ժողովուրդների դեպքում է, որ հակամարտությունները դառնում են առավել զգացմունքային և պայթյունավտանգ։

Ինչ է տեղի ունեցել

Սեպտեմբերի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպեց Ղրղզստանի նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկի` Օմուրբեկ Բաբանովի հետ: Բիշքեկը ցավագին արձագանքեց դրան․ Ղրղզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց Ղազախստանին: Գործող նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, երբ դեռ թեկնածու էր, հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: Սակայն այն, ինչ նորմալ էր համարվել Ռուսաստանի դեպքում, եղբայրական Ղազախստանի համար անընդունելի էր:

2017 թ. հոկտեմբերի 7-ին Աթամբաևը մեղադրեց Ղազախստանի ղեկավարությանը` ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ։ Նա դա արեց ուղղակի՝ ոչ միջինասիական ոճով։ Հայտարարեց, որ Ղազախստանի հարստությունները գողացվում են։ «Ղազախստանի համախառն ներքին եկամուտը տասն անգամ ավելի է, քան Ղրղզստանինը։ Այդ դեպքում ինչո՞ւ թոշակները ոչ թե տասը, այլ ընդամենը մեկուկես անգամ են ավելի։ Աստանային դուր չի գալիս իր հարևան երկրում ժողովրդավարական փոփոխությունները»,- ասաց Աթամբաևը՝ հիշեցնելով «Բորատ» ֆիլմի մասին և Ղազախստանն անվանելով «Նորսուլթանատ»։

Ի պատասխան՝ Ղազախստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց, որտեղ նրբորեն նկատվում էր. «Մենք համոզված ենք, որ անպատասխանատու, սադրիչ բնույթ կրող և Ղրղզստանի նախագահի նախընտրական նպատակներով կեղծ հայտարարությունները չեն վնասի մեր երկրների միջև դարավոր բարեկամական և փոխադարձ աջակցության կապերին»:

Սա ղազախա-ղրղզական հարաբերություններում առաջին դրվագը չէ, երբ ազգային շահերի և սեփական ինքնիշխանության համար մտահոգությունը հակասում է «դարավոր բարեկամությանը»:

Ղազախստանն ի սկզբանե հիացած չէր եղբայրական ժողովրդի՝ ԵՏՄ-ին անդամակցության հեռանկարով, և հին հաշիվները հիշվեցին Աթամբաևի սենսացիոն հայտարարություններից հետո։ Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը հայտարարեց․ «Ղրղզստանի՝ ԵՏՄ անդամակցության շրջանակում Ղազախստանը տրամադրել է 100 մլն դոլարի տեխնիկական օժանդակության գումար, նպաստել է ԵՏՄ բյուջեում Ղրղզստանի 1․9% մասնաբաժինը սահմանելուն, ինչը Բիշքեկին թույլ տվեց երեք անգամ ավելի եկամուտ ստանալ մաքսատուրքերից, քան մինչև անդամակցությունը։ Ղրղզստանի կողմից միասնական երկաթգծի բյուջեի՝ նախատեսվածից շուտ կիրառումից Ղազախստանը կորցրել է 49 մլն դոլար, որը ստացել է Ղրղզստանը»։

Հարաբերությունների ներկա բարդացումը, երբ Աթամբաևը հարևաններին սկսեց մեղադրել նրանց ներքին հարցերում, երկու երկրներում սոցիալական ցանցերում փոթորիկ է առաջացրել:

Ինչ սպասել

Իհարկե, ոչ ոք չի փակելու սահմանը: Մաքսային կարգավորման հարցերը, որոշ բացառություններով, դուրս են ԵՏՄ երկրների կառավարությունների իրավասություններից: Մաքսային հսկողության ներդրումը, փոփոխումը կամ վերացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունն է: Որպես ԵՏՄ լիիրավ մասնակիցներ՝ Ղազախստանն ու Ղրղզստանը պարտավոր են հետևել այդ հանձնաժողովի որոշումներին:

Այնուամենայնիվ, երկու երկրների ինքնիշխանությունը բավական է, որ փչացնեն միմյանց կյանքը: Միևնույն ժամանակ, սեփական ճշմարտացիությունն ապացուցելու մոլուցքով տարվելով՝ կարելի է նաև վնաս հասցնել սեփական շահերին:

Նախ, Ղազախստանը կարող է խստորեն սահմանափակել Ղրղզստանից իր շուկա ապրանքների մատակարարումը (հիմնականում գյուղատնտեսական): Այո, դա չի կարող արվել մաքսային սահմանափակումների միջոցով, բայց կան շատ այլ ձևեր: Նման պրակտիկա ակտիվորեն օգտագործվում է Ռուսաստանի կողմից, որը սահմանափակում է այլ երկրներից Ռուսաստան ապրանքների ներմուծումը՝ իր քաղաքացիների առողջության մտահոգության պատրվակով (լատվիական շպրոտ, մոլդովական գինի, վրացական հանքային ջուր և այլն): Ղազախստանը կարող է կասեցնել Բիշքեկի ՋԷԿ-ի համար ածուխի մատակարարումը, ինչը կրիտիկական կարող է լինել սակավաջուր տարիներին, երբ Ղրղզստանի ՀԷԿ-երը չեն կարողանում աշխատել:

Երկրորդ, երկու երկրները հարևան պետության քաղաքացիների համար կարող են խստացնել սահմանային ընթացակարգերը: Այժմ ԵՏՄ երկրների միջև վերացվել է մաքսային, բայց ոչ սահմանային վերահսկողությունը: Ղազախա-ղրղզական սահմանը առանց այդ էլ աշխարհում ամենալիբերալը չէ. մեկուկես տարի առաջ քչերը կարող էին այն հատել՝ առանց կաշառք տալու սահմանապահին: Տեսականորեն կարելի է մեծապես բարդացնել Ղազախստանում աշխատող ղրղըզ միգրանտների կյանքը:

Երրորդ, Ղազախստանը կարող է խստացնել իր վերահսկողությունը ԵՏՄ (հիմնականում ռուսական շուկայի) համար նախատեսված և Ղրղզստանի միջոցով միասնական մաքսային տարածք մուտք գործող չինական ապրանքների շարժի վրա։

Ինչ է նշանակում ԵՏՄ երկու անդամների վեճը

ԵՏՄ երկու անդամների միջև վեճը շատ լուրջ հարցեր է առաջ քաշում: Այն մեկ անգամ ևս բացահայտում է հարևանների միջև առկա բազմաթիվ հակասությունները, փորձության առաջ դնում ոչ միայն ԵՏՄ կառուցվածքը, այլև ինքնին հետխորհրդային եվրասիական տարածքում ինտեգրացիայի գաղափարը։

Միջազգային ինտեգրացիայի օրինակները հայտնի են՝ Եվրոպա, Լատինական Ամերիկա և մասամբ՝ Հարավարևելյան Ասիա: Այնուամենայնիվ, հետխորհրդային տարածությունում նրանց ճանապարհը կրկնելու փորձերը դեռ դոփում են տեղում: Դրա մի քանի պատճառ կա:

Նախ, նախկին Խորհրդային Միության տարածքում ինտեգրումը՝ որպես «երկրների միջև սահմանները ջնջելու» գործընթաց, տեղի է ունենում ազգային պետությունների կառուցման գործընթացին զուգահեռ, որի համար անհրաժեշտ է ինքնիշխան, այդ թվում խորհրդանշական իշխանության իրացում:

Երկրորդ, այդպես էլ լուծված չէ հավերժական երկընտրանքը՝ ինչն է ավելի շատ ԵՏՄ-ում՝ տնտեսությո՞ւնը, թե՞ քաղաքականությունը: Ռուսաստանի համար հետխորհրդային ինտեգրման տնտեսական նշանակությունը խորհրդային տարիներին գոյություն ունեցող փշրված տնտեսական շղթաների վերականգնումն է: Բայց պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ինտեգրում իրականում նշանակում է ռուսակենտրոն տարածության՝ այսպես կոչված Pax Russica-ի վերածնունդ:

Եվ ահա ինչ ենք տեսնում. եթե արտադրական և լոգիստիկ շղթաների վերականգնումը զգալի նշանակություն կունենար Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման հարցում, իրավիճակն այլ է Կենտրոնական Ասիայի երկրների դեպքում: Տնտեսապես արդիական Ռուսաստանին նրանք հիմնականում հետաքրքրում են որպես իր արտադրանքի իրացման շուկա և աշխատանքային ռեսուրսի աղբյուր: Ռուսաստանի համար «Կենտրոնական Ասիայի խորքն» այլ` աշխարհաքաղաքական, կայսերական ժառանգության պահպանման, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի ազդեցության հարթություններում է:

Գործընկեր երկրների առաջնորդների համար նման ինտեգրման իմաստը ռուսական շուկայում մակաբուծությունն է (բառի պրագմատիկ իմաստով)։ Ռուսաստանն ակտիվորեն և հաջողությամբ փորձում է հասնել նրան, որ նույնիսկ իր ամենամոտ դաշնակիցներն իր համար մակաբույծ չդառնան, ինչը, ի դեպ, նրանց մոտ ջղաձգումներ է առաջացնում, որ չեն կարողանում թաքցնել։

Եվ ահա պարզվում է, որ հետխորհրդային ինտեգրումը ներկա ձևաչափով մի կոնստրուկտ է, որը պահպանվում է այն նախաձեռնողների՝ Պուտինի, Նազարբաևի, Լուկաշենկոյի անձնական դիրքորոշման վրա և կախված է նրանց կամքից:

Աստանայի և Բիշքեկի միջև բողոքի նոտաների փոխանակման հետ կապված իրավիճակը հերթական անգամ ցույց է տալիս, որ երկրների միջև հակասությունները սուր են: Ազգային ինքնիշխանության համար մտահոգությունը երբեմն ավելի կարևոր է, քան ընդհանուր շահի համար կատարվելիք զիջումները: Ռազմավարական որոշումների ընդունումը սուբյեկտիվ է և անձնավորված:

Ղրղզստանը ԵՏՄ մուտք գործեց Աթամբաևի որոշմամբ: Այնուամենայնիվ, այս քայլը պայմանավորված էր ոչ թե եղբայրական Ղազախստանի հետ միասնական տնտեսական տարածության ստեղծման, այլ Մոսկվայից իր հավատարմության համար բոնուսներ ստանալու ցանկությամբ։ Ղրղզստանի հետագա ղեկավարների դեպքում իրավիճակը կարող է փոխվել: Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարները նույնպես հավերժ չեն: Մեկը մի քիչ երկար, մյուսը՝ կարճ։

Այս ֆոնին լավագույնը, որ կարող են անել ԵՏՄ կողմնակիցները՝ կազմակերպությունը չընդլայնել անորոշ չափերի, չներգրավել նոր խնդիրներ ու հակասություններ, որոնք կարող են ցնցել առանց այն էլ անկայուն կառույցը, այլ ծավալվող զարգացումից անցնել ինտենսիվ զարգացման; անդրադառնալ ԵՏՄ-ի ներկայիս ձևաչափում առկա բազմաթիվ խոչընդոտների և սահմանափակումների վերացմանը։ Ամենակարևորը՝ պահանջվելու է երկար և քրտնաջան աշխատանք՝ հավասարեցնելու ինստիտուցիոնալ զարգացման մակարդակը և հաղթահարել ազգ դառնալու ճանապարհի բարդույթները, ինչպես դա արեցին Լատինական Ամերիկայի երկրները 19-րդ դարում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել