Ժնևից հետո շահարկումներ են հնչում Բաքվից․ Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո «Բաքվից հնչող շահարկումների» համար։

Հոկտեմբերի 20-ին Երևանում Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին Նալբանդյանը հայտնել է, որ իր պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ հարցը․

«Ցավոք, Ժնևում կայացած գագաթաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով զինվոր է զոհվել երեկ։ Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասել է նա։

Տևական դադարից հետո՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը կողմերը որակեցին կառուցողական։ Ժնևի հայ համայնքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, որպեսզի առաջնագծում չլինեն զոհեր․ «Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»։ Այս հայտարարությունից երեք օր անց ադրբեջանական կրակից Արցախում զինվոր զոհվեց։

Ժնևի հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը համատեղ հայտարարություն էին տարածել՝ հանդիպումը որակելով կառուցողական։

Մեկնաբանել