Կախա Կալաձե․ ո՞վ է Թբիլիսիի նոր քաղաքապետը

Ֆուտբոլային աստղ, իտալական Միլանի նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Թբիլիսիի քաղաքապետ, ինչը հարթակ է հետագայում ավելի բարձր քաղաքական պաշտոններ զբաղեցնելու համար։ Թեմային անդրադարձել է Eurasianet.org կայքի հոդվածագիր Գիորգի Լոմսաձեն։

Թեև Վրաստանում այս ընտրություններին ընտրողների մասնակցության ցածր մակարդակ գրանցվեց, Կալաձեի հաղթանակը ոգևորություն է առաջացրել Իտալիայում՝ Կալաձեի նախկին ֆուտբոլային երկրում։

Իտալական կողմից շնորհավորանքները հնչեցին «Միլան» ակումբում Կալաձեի նախկին խաղընկերներից: «Շնորհավորում եմ Թբիլիսիի նոր քաղաքապետին, շատ ուրախ եմ քեզ համար»,- գրել է ֆուտբոլային լեգենդ Պաոլո Մալդինին Ֆեյսբուքում: Նույնիսկ Սիլվիո Բեռլուսկոնին է զանգահարել և իր մաղթանքները հղել, հայտնում է Կալաձեի կուսակցությունը` իշխող «Վրացական երազանքը»։

Կալաձեն, կարծես, հաղթել է այս խաղում՝ առանց եզրափակիչ դուրս գալու: Ըստ նախնական արդյունքների՝ նա ստացել է քվեների 51 տոկոսից ավելին։

Վրաստանի մեծ մասը քվեարկել է «Վրացական երազանքի» օգտին, որը ավելի է կենտրոնացնում ուժը գործող իշխանությունների ձեռքում, որն արդեն իսկ խորհրդարանում գերմեծամասնություն, և, հետևաբար, օրենսդրական քարտ բլանշ ունի:

Կալաձեն, որը նախկինում էներգետիկայի նախարար էր, շաբաթ երեկոյի իսկական աստղն էր: Նա շնորհակալություն հայտնեց ընտրողներին ցուցաբերած աջակցության համար և ձիթապտղի ճյուղ մեկնեց իր մրցակիցներին: Խոստանալով կատարել իր նախընտրական՝ Թբիլիսին «կյանքով լի» դարձնելու խոստումը, նա ասել է. «Այս ընտրություններում ոչ ոք չի պարտվել: Այս ընտրություններում հաղթել է վրացի ժողովուրդը: Հաղթել է Թբիլիսին»:

Կալաձեն նաև օգտագործեց իր սպորտային աստղի կարգավիճակը, քարոզարշավում աջակցություն ստանալով այնպիսի հայտնի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են իտալացի Գենարաո Գատուզոն և ուկրաինացի Անդրեյ Շևչենկոն: Դրական երգերով ու ուղերձներով լի քարոզարշավը Կալաձեին ներկայացնում էին որպես երջանկության մարմնավորում։

Չնայած Կալաձեի հաղթանակին՝ որքանո՞վ դա ընկալվեց ընտրողների մոտ, վիճելի է։ Ինչպես Վրաստանի նախորդ խորհրդարանական և տեղական ընտրություններում, գրանցված բոլոր ընտրողների կեսից պակասն է մասնակցել ընտրություններին, մեկնաբանում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի վերլուծաբան Դավիթ Սիչինավան:

«Սա խնդրահարույց է, քանի որ կարող է ցույց տալ հանրային հետաքրքրության նվազում քաղաքականության մեջ»,- ասել է նա:

Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները նաև ցույց տվեցին, որ Վրաստանում ցրված ընդդիմադիր ուժերը ավելի քիչ հասարակական աջակցություն են վայելում: Անկախ թեկնածուները ստացել են ավելի շատ ձայներ, քան արդեն կայացած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։ Օրինակ, Կալաձեից հետո երկրորդ տեղում ձայների 17.5 տոկոսով գտնվում էր էկո-քաղաքային էնտուզիաստ Ալեքսանդր Էլիսաշվիլին։

Միջազգային դիտորդները նշել են, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ են անցել, սակայն նկատել են, որ «Վրացական երազանքի» օգտին ֆինանսական և վարչական մեծ ռեսուրսներ են ներգրավվել։ Կուսակցությունը ստացել է մասնավոր նվիրատվությունների ընդհանուր գումարի 91 տոկոսը՝ ըստ Եվրոպայի խաղաղության և անվտանգության կազմակերպության դիտորդական առաքելության:

Նման զեկույցները վրաստանյան ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության համար ընդունված պրակտիկա են: Բայց եղան նաև նորմայից որոշ փոփոխություններ:

Կալաձեն «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավին չթիրախավորեց իր կուսակցության գլխավոր մրցակիցներին՝ Միացյալ ազգային շարժմանը: «Բացասական ուղերձներից և կռիվներից խուսափելը կանխամտածված որոշում էր»,- մեկնաբանել է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Մամուկա Մդինարաձեն։

Մյուս կողմից, այս ընտրություններում «Վրացական երազանքի» միլիարդատեր աջակից, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այս ամենին հետևել է կողքից և խուսափել հանրությանը Կալաձեի օգտին քվեարկելու կոչերից։

Կալաձեից դժգոհ մրցակիցները, սակայն, պնդում են, որ Իվանիշվիլին շարունակում է ձեռքում պահել քաղաքական խաղաթելերը:

Նրանք մեղադրում են Իվանիշվիլիին և նրա կուսակցությանը՝ ընտրողներին կաշառելու և ահաբեկման մեջ։ Նրանք պնդում են, որ «Վրացական երազանքը» կաշառել է պետական աշխատողներին, որ քվեարկեն, և նույնիսկ վճարել է ձայների համար:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել