Արևելյան գործընկերությունը կապ չունի աշխարհաքաղաքականության հետ․ Ֆեդերիկա Մոգերինի

Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Արևելյան գործընկերությունը կապ չունի աշխարհաքաղաքականության, ոչ էլ ազդեցության ոլորտների հետ։

Տալինում մեկնարկած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովին հղած իր ուղերձում Մոգերին նշել է, որ ԵՄ-ն Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությանն աջակցող ամենամեծ դոնորն է։

«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Արևելյան գործընկերության երկրներում խիստ անհրաժեշտ բարեփոխումների լավագույն հովանավորն ու հսկիչն են: Նրանք ձայնն են ընդդեմ կոռուպցիայի և հանուն թափանցիկության: Նրանք նաև անփոխարինելի ուժ են մեր ամենօրյա աշխատանքի բազմապիսի ուղղություններում՝ սկսած կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարից, վերջացրած մեդիա միջավայրի բարելավումով: Մենք գործընկերներ ենք և ունենք միմյանց կարիքը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու ու Արևելյան գործընկերությունն իր հանգրվանին հասցնելու համար»:

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն իր խոսքում ընդգծել է. «Մենք կատարում ենք մեր՝ քաղաքացիական հասարակությանն ընդլայնված աջակցություն ցուցաբերելիս սոցիալական նորարարությունների միտումներին հետևելու խոստումը: Քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարների հետ գործընկերությունը, ուժեղ առաջնորդությունը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառավարչական դերի բարձրացման առավել արդյունավետ գործիքները մեր վերափոխված գործիքակազմի մասն են: Արևելյան գործընկեր երկրներում քաղաքացիական հասարակությունը, գործընկեր կառավարությունների հետ մեկտեղ, մեզ ավելի կմոտարկի քաղաքացիների հետ այն ոլորտներում, որոնք նշանակալի են վերջիններիս կյանքում փոփոխություններ մտցնելու տեսանկյունից»:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Հենադի Մակսակն ասել է. «Քաղաքացիական հասարակությունն հավատում է Արևելյան գործընկեր երկրների՝ ընդհանուր արժեքների, օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների հարգանքի ու հանրային հաշվետվողականության վրա հիմնված եվրոպական ապագային: Անչափ կարևոր է քաղաքացիական հասարակության համար ստեղծել բարենպաստ միջավայր, ինչը թույլ կտա վերջինիս ներգրավվել բարեփոխումների օրակարգում»,- ասել է Մոգերինին:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ պատշաճ կառավարումը, կառավարությունների ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունը, կառավարության թափանցիկության խթանման նպատակով տեխնոլոգիաների օգտագործումը և տնտեսական զարգացման ներառական մոտեցումները: Քննարկումների առանցքում կլինի նաև քաղաքացիական հասարակության դերը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության զարգացման հարցերում:

Մասնակիցները կընդունեն Քաղաքացիական հասարակության հռչակագիր՝ սահմանելով հետագա ժողովրդավարական զարգացման հիմնական խոչընդոտները և ներկայացնելով հստակ առաջարկություններ առ այն, թե կառավարություններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ինչպես կարող են գործակցել՝ այդ խոչընդոտները հաղթահարելու նպատակով:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպական Միության Խորհրդում Էստոնիայի նախագահության, Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից, քաղաքացիական հասարակության տարածաշրջանային հարթակ է, որը նպատակ ունի խթանել եվրոպական ինտեգրումը և նպաստել բարեփոխումներին ու ժողովրդավարական փոխակերպումներին տարածաշրջանում:

Համաժողովն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ որպես Արևելյան գործընկերության գագաթաժողովին կից միջոցառում, որն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում:

Մեկնաբանել