Բելառուսական «Պոլոնեզ» Բաքվին՝ ընդդեմ Հայաստանի «Իսկանդերի»

Ադրբեջանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում վերջին շաբաթներին շրջանառվում են լուրեր այն մասին, որ Ադրբեջանը Բելառուսից գնում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Մասնավորապես, նշվում է, որ թեման եղել է վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Մինսկ այցի օրակարգային հարցերից։ Արդյոք հստակ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է՝ պարզ չէ, սակայն Հասանովի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահը հայտարարել է, որ «մտադիր չէ որևէ մեկի առաջ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար»։

Թեմայի շուրջ հրապարակումներ եղել են և ադրբեջանական, և բելառուսական մամուլում։

Այսպես՝ Ադրբեջանի haqqin.az իշխանամետ կայքը այս առնչությամբ գրել է, որ Ադրբեջանն իսկապես Մինսկից գնել է վերոհիշյալ համակարգը։ Կայքը, ընդ որում, հղում է անում Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտին (SIPRI), որն իբր հաղորդել է, որ գործարքն արդեն իրականացվել է, և Բաքուն անգամ «կանխավճար է տվել»։ Ուշագրավ է, սակայն, որ SIPRI-ի կայքում որևէ հստակ տեղեկատվություն «Պոլոնեզ»-ների գործարքի վերաբերյալ չկա։

Թեմայի շուրջ բելառուսական naviny.by կայքում օրերս լույս է տեսել Ալեքսանդր Ալեսինի հոդվածը՝ «Պոլոնեզ»-ները գնում են արտահանման․ առաջին գնորդը կարող է լինել Բաքուն» վերնագրով հոդվածը։ Հեղինակն ամփոփում է Բելառուսի և Ադրբեջանի 15-ամյա ռազմատեխնիկական համագործակցությունը։

«Տարիներ շարունակ Բաքուն Մինսկի՝ խորհրդային արտադրության սպառազինությունների և ռազմատեխնիկայի հիմնական գնորդներից էր»,- գրում է Ալեսինը։

Նա վկայակոչում է ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալները, որոնց համաձայն՝ 2002-2012թթ․ Ադրբեջանը Բելառուսից գնել է Т-72 153 տանկ (Մինսկի արտահանած 271-ից), 122 մմ տրամաչափի 120 Դ-30 քարշակող հրետանային համակարգ, 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն» 12 ինքնագնաց հրետանային կայանք, ԲՏՐ-70 տիպի 60 հատ զրահափոխադրիչ, Սու-25 տիպի 11 գրոհիչ։

Նշված ժամանակահատվածում, գրում է հոդվածագիրը, Ադրբեջանը եղել է Բելառուսի՝ զենքի առաջատար գնորդը․ առաջին տեղում՝ տանկերի ու հրետանու, երկրորդ տեղում՝ զրահատեխնիկայի, երրորդում՝ մարտական ինքնաթիռների գնման առումով։

Ալեսինը այդուհանդերձ ընդգծում է, որ սխալ է Բելառուսին համարել Ադրբեջանի զենքի միակ կամ հիմնական մատակարարը․ այդ դիրքերում շարունակում է մնալ Ռուսաստանը։

Պնդումը գալիս է ապացուցելու SIPRI-ի զեկույցը, որի համաձայն՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:

2016թ․, նույն SIPRI-ի համաձայն, Ադրբեջանը Բելառուսից գնել է 170 մլն դոլարի զենք։

«Սպառազինությունների ո՞ր տեսակն է հետաքրքրել ադրբեջանցի զինվորականներին», հարցադրում է անում բելառուս հեղինակը և շարունակում, որ վարկածներից մեկի համաձայն՝ Բաքուն Մինսկին կանխավճար է փոխանցել «Պոլոնեզ»-ի համար այն բանից հետո, երբ Մոսկվան Երևանին տրամադրել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրը։

Վարկածի հիմնավորման անուղղակի հաստատում է համարվում ադրբեջանական Oxu.Az կայքի հաղորդագրությունը, որը տեղեկացնում է Զաքիր Հասանովի՝ Բելառուսի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություն այցի մասին։ Նկարներից մեկում Հասանովը կանգնած է Պոլոնեզի մոտ։

«Պոլոնեզն» ընդդեմ «Իսկանդերի»

«Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի տրամադրումը Բաքվին ստիպել է համաչափ պատասխան փնտրել»,- գրում է Belarus Digest կայքի հոդվածագիր, վերլուծաբան Դմիտրի Միցկևիչը։

«Իսկանդեր»-ի հեռահարությունը կազմում է 280 կմ։ «Պոլոնեզ»-ի արդիականացված տեսակի հեռահարությունը կազմում է մինչև 300 կմ։ Վերջին մոդիֆիկացիան ներկայացվել է անցյալ տարի Բաքվում ADEX-2016 ռազմական ցուցահանդեսի ժամանակ։

Հեղինակը շարունակում է, որ եթե Բաքուն միտված է գերազանցապես ռազմական ոլորտում համագործակցությանը, Մինսկը երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների աճի հույս ունի։ Միևնույն ժամանակ, բելառուսական իշխանություններն աշխատում են էներգակիրների ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։

«Բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների բնույթը լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանում և Ռուսաստանում, որոնք Բելառուսի հետ միասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են։ Բաքվին ռազմավարական սպառազինությունների մատակարարումը միանշանակորեն չի լավացնի Երևանի և Մինսկի հարաբերությունները»,- կարծում է Միցկևիչը։

Մոսկվան, նրա պնդմամբ, փորձում է զսպել այդ համագործակցությունը կամ ճնշել Բելառուսին։ Պատճառն ակնհայտ է՝ Ռուսաստանն ինքն է Բաքվի զենքի խոշորագույն մատակարարը։

«Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումը չափազանց կարևոր է Բելառուսի համար նրա անվտանգության վերջին օրակարգի համատեքստում։ «Արևմուտք 2017» զորավարժությունների ժամանակ հանրային արշավի ձախողումից և Ռուսաստանի կողմից մի շարք սադրանքներից հետո Բելառուսը փորձում է վերականգնել անկախ խաղորդի իր հեղինակությունը։ Այսպիսով, աշխատելով Բաքվի հետ ռազմավարական կարևորության նախագծերի շուրջ՝ Մինսկը միջազգային հանրությանն ու հարևաններին կապացուցի, որ իրապես ինքնիշխան խաղորդ է միջազգային հարթակում և կայուն գործընկեր՝ անվտագության ոլորտում»,- եզրակացնում է հեղինակը և նշում, որ ներկայում Բելառուսի համար դա ունի «շատ ավելի մեծ արժեք, քանի ժամանակավոր տնտեսական շահը»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել