Սարդարապատի պարտությունից հետո թուրքերը ինչպե՞ս մոտեցան Երևանին

1918 թվականի մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատում և Բաշ Ապարանում հաղթելուց հետո, հայերի և ներխուժող թուրքերի միջև ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցվեցին:

Հունիսի 4-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի երկկուսակցական պատվիրակությունը՝ Ալեքսանդր Խատիսյանը (ՀՅԴ), Հովհաննես Քաջազնունին (ՀՅԴ) և Միքայել Պապաջանյանը (Ժողովրդական), Օսմանյան կայսրության պատվիրակների հետ Բաթումում ստորագրեցին Հաշտության և բարեկամության պայմանագիր:

Թեև Արամ Մանուկյանը և Երևանի ազգային խորհուրդը դատապարտեցին Բաթումը, սակայն օրեր անց ընդունեցին այդ պայմանագիրը որպես կատարված իրողություն:

Ինչպես հայտնի է, հայկական ուժերը Արամ Մանուկյանի, Դրոյի, Մովսես Սիլիկյանի ղեկավարությամբ թուրքերին կանգնեցրեցին և ապա հետ շպրտեցին Սարդարապատում և Բաշ Ապարանում: Ե՛վ Սարդարապատը, և՛ Բաշ Ապարանը Երևանից հեռու են շուրջ 60-ական կիլոմետր:

Սակայն ինչպե՞ս է ստացվել, որ մայիսյան հաղթանակներից ընդամենը շաբաթներ հետո թուրքական զորքերը ընդհուպ մոտեցան Երևանին, հասան մինչև Մասիս կայարան, և, ինչպես Սիմոն Վրացյանն է գրում՝ «դիրքեր գրավեցին Երևանից 7 կմ հեռու»:

Սա հայոց ոչ վաղ անցյալի պատմության ուշագրավ դրվագներից է, որը հայ պատմաբանների կողմից միտումնավոր կամ ոչ, անտեսվել է:

Այդ հարցին սպառիչ պատասխան է տվել նույն Վրացյանը իր կոթողային՝ «Հայաստանի Հանրապետությունը» աշխատության մեջ:

Թեև Բաթումում կնքվել էր հաշտություն՝ հայերն ու թուրքերը դաշնագրի բովանդակությունը տարբեր կերպ էին մեկնաբանում:

Դաշնագրի հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով, Արամ Մանուկյանի ղեկավարած Երևանի Ազգային խորհուրդը Ալեքսանդրապոլ ուղարկեց հատուկ պատվիրակություն Մկրտիչ Մուսինյանի գլխավորությամբ, որին հանձնարարվեց բանակցել թուրք հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի հետ Բաթումի դաշնագրից բխող մի քանի հարցերի շուրջ:

Հայաստանի ազգային արխիվում աշխատելու ընթացքում տողերիս հեղինակը մանրամասնորեն կարդացել է ինչպես Մուսինյանի և Կարաբեքիրի միջև ստորագրված փաստաթղթերը՝ Բաթումի դաշնագրի հավելվածները (դրանք հինգն են, որոնք առաջիկայում կթարգմանենք և կհրապարակենք հայկական մամուլում), այնպես էլ պատվիրակությունների միջև փոխանակված և այլ գրագրություններ:

Հայկական պատվիրակությունը կազմված էր հինգ հոգուց. բացի Երևանի ապագա քաղաքագլուխ Մուսինյանի, դրան մաս էին կազմում Թամամշյանցը, Մելիքյանը, զորավար Տեր Հակոբյանը, գնդապետներ Քիշմիշյանը և Վեքիլյանը:

1918-ի մայիսից մինչև հոկտեմբեր Ալեքսանդրապոլը՝ Գյումրին, ինչպես Ղարաքիլիսան՝ Վանաձորը, թուրքական գրավման տակ էր, այնտեղ նստած էր Քյազիմ Կարաբեքիրը, ով և հունիսի կեսերից, որպես տանուտեր, ընդունեց հայկական պատվիրակությանը:

Բաթումի դաշնագրից բխող և հայկական կողմի համար վիճելի հիմնական հարցերը հինգն էին.

Առաջին՝ հայ գաղթականության վերադարձն իրենց տեղերը, երկրորդ՝ գերիների փոխանակումը, երրորդ՝ թուրքական զորքի Հայաստանից անցնելու պայմանները, չորրորդ՝ երկաթուղու փոխանցման խնդիրը, հինգերորդ՝ Ղարաքիլիսայի դատարկումը և հանձնումը հայերին:

Վրացյանը գրում է. «Պատվիրակությունը Ալեքսանդրապոլում ընդունվեց պատշաճ քաղաքավարությամբ: Սկսվեցին բանակցությունները, բայց թուրքերը չընդունեցին հայերի պահանջներից և ոչ մեկը: Նրանց զբաղեցնողը Հայաստանի վրայով զորք փոխադրելու իրավունքն էր և Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագծի անմիջական փոխանցումը: Եվ այս պահանջներին էր, որ ամենից ավելի հակառակում էին հայերը»:

Հենց բանակցությունների ընթացում, առանց ընդհատելու դրանք, թուրքական զորքերը հուլիսի 7-ին կրկին շարժվեցին Սարդարապատի ուղղությամբ: Զորավար Սիլիկյանը զորքերին հրամայեց թողնել երկաթուղին և դիրքեր գրավել Էջմիածնի շրջանում:

Վրացյանը շարունակում է. «Հուլիսի 8-ին թուրքերը մեծ ուժով հարձակվեցին Քյորփլու-Զեյվա գծի վրա, բայց հետ շպրտվեցին 5-րդ գնդի և կամավորական խմբերի ուժգին հակահարվածով: Այս կետում թողնելով պահակ զորամասեր, թուրքերը շարժվեցին դեպի արևելք: Հուլիսի 8-ին գրավեցին Խաթունարխ գյուղը Էջմիածնից 10 կմ հեռու, հուլիսի 9-ին մտան Չոբանքյարա, Նեջերլու, Թազաքենդ և Աղհամզալու գյուղերը: Այսպիսով հաստատվեց Բաթումի դաշնագրի սահմանագիծը: Թուրքերը դիրքեր գրավեցին Երևանից 7 կմ հեռու` թնդանոթների բերաններն ուղղելով դեպի Հայաստանի մայրաքաղաքը»:

Այսպիսով, ինչպես պարզ է դառնում Վրացյանի գրքից և ինչպես կարելի է արխիվային այլ փաստաթղթերով տեսնել, 1918-ի հուլիսին թուրքերին հաջողվեց զավթել Ալեքսանդրապոլից մինչև Մասիս կայարան շերտը:

Այս ռազմակալումը շարունակվեց մինչև 1918-ի նոյեմբեր, երբ Օսմանյան կայսրությունը ստորագրեց Մուդրոսի զինդադարը՝ կապիտուլյացիան, և հեռացավ նաև հայկական հողերի մի փոքր հատվածից:

Մեկնաբանել