Տորոնտոյի կինոփառատոնում մրցանակ է շահել ՍիվիլՆեթի նախկին ռեժիսորի ֆիլմը

Տորոնտոյում նոյեմբերի 15-19-ին անցկացված ամենամյա «Նուռ» կինոփառատոնին մրցանակ է շահել ՍիվիլՆեթի նախկին ռեժիսոր Սեդա Գրիգորյանի «Ճանապարհ դեպի տուն» ( Way Back Home) ֆիլմը՝ որպես դոկումենտալ ժանրում լավագույն կարճամետրաժ ֆիլմ։

Փառատոնին ցուցադրվել է 40 ֆիլմ՝ 17 երկրից, այդ թվում՝ Թուրքիայից, Ավստրալիայից, Հայաստանից, Իրանից և ԱՄՆ-ից:

Փառատոնը բացվել է Արցախը ներկայացնող Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմով, իսկ փառատոնի փակումն ազդարարել է Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:

Համայնքային կյանքի մասնակցության համար «Կարմիր Նուռ» մրցանակը շնորհվել է «Բիլի Թալենթ» ռոք խմբին՝ Կանադայից։

Փառատոնի՝ «Նռան հատիկ» (Pomegranate Aril) մրցանակը շնորհվել է կանադահայ ռեժիսոր Դանիել Սարգսյանի «Ի՞նչ է դասական ռոքը» (What Is Classic Rock) ֆիլմին:

Փառատոնի Լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին է արժանացել Նիկոլաս Սարգսյանի Mediterranea -ն (Ֆրանսիա):

Փառատոնի Պատվավոր մրցանակին է արժանացել Դենիզ Օզդենի «Կամիլի բացթողումը» ֆիլմը (Cemille’s Obsession) (Թուրքիա)։

Դոկումենտալ ժանրում Լավագույն կարճամետրաժ մրցանակ է շնորհվել Սեդա Գրիգորյանի «Ճանապարհ դեպի տուն» (Way Back Home) ֆիլմին (Հայաստան)։

Փառատոնի Պատվավոր մրցանակը տրվել է ԱՄՆ-ից Ավո Ջոն Կաբուրյանի «Գոյատևման արձագանքներ» (Echoes Of Survival) ֆիլմին։

Լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում մրցանակը տրվել է Ռոբերտ Գեդիկյանի «La Villa» ֆիլմին (Ֆրանսիա)։

Խաղարկային կինոյի ժանրում Պատվավոր մրցանակ շնորհվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմին (Հայաստան-Արցախ)։

Լավագույն դոկումենտալ ֆիլմի Դոկտոր Մայքլ Ջ. Հակոբյանի հիշատակի հատուկ մրցանակը տրվել է Ջո Բերլինգերի «Ոչնչացման մտադրություն» ֆիլմին (Intent To Destroy) (ԱՄՆ)։

Փառատոնի «Հատուկ մրցանակը» բաժին է հասել Դեն Քեյնի և Մոնթել Վիլյամսի «Մերժումի ճարտարապետները» (Architects Of Denial) ֆիլմին (ԱՄՆ)։

«Հանդիսատեսի համակրանք» խաղարկային ֆիլմ մրցանակին է արժանացել Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը (Հայաստան-Իրան)։

«Հանդիսատեսի համակրանք» երկրորդ մրցանակին արժանացավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվը» (Հայաստան)։

«Հանդիսատեսի համակրանք» մրցանակը շնորհվեց Ջո Բերլինգերի «Ոչնչացման մտադրություն» (Intent To Destroy) ֆիլմին (ԱՄՆ)։

Դոկումենտալ ժանրում «Հանդիսատեսի համակրանք» երկրորդ մրցանակը շնորհվեց Դեն Քեյնի և Մոնթել Վիլյամսի «Մերժումի ճարտարապետները» (Architects Of Denial) ֆիլմին (ԱՄՆ)։

Փառատոնի «Ոսկե Նուռ» բարձրագույն պարգևներին արժանացան կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ինչպես նաև ԱՄՆ-ից Դեն Քեյնը և Մոնթել Վիլյամսը:

Մեկնաբանել