Եվրոպայի խորհուրդը դատական վարույթ է սկսել Ադրբեջանի դեմ

Եվրոպայի խորհուրդը դատական վարույթ է սկսել Ադրբեջանի դեմ։

ԵԽ Նախարարների կոմիտեն 2010թ․ ներդրված ընթացակարգն առաջին անգամ կիրառելով՝ պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որպեսզի վերջինս որոշում կայացնի, թե արդյոք Ադրբեջանը խախտել է դատարանի վճռով իր պարտավորությունը՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամադովի գործում։ Գործընթացը կարող է հանգեցնել նրան, որ առկախվի Ադրբեջանի անդամակցությունը ԵԽ-ին կամ նա ընդհանրապես հեռացվի եվրոպական այս կառույցից։

«47 անդամ երկիր ունեցող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ձեռնարկել է Ադրբեջանի դեմ խախտումների վարույթ, քանի որ ադրբեջանական իշխանությունները շարունակաբար հրաժարվում են ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամադովին՝ չնայած 2014թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից անհապաղ ազատ արձակելու որոշմանը»,- ասված է դեկտեմբերի 5-ին ԵԽ-ի տարածած հայտարարությունում։

2014 թ. մայիսին դատարանը եզրակացրել էր, որ ներպետական քրեական դատավարության ոչ մի փաստ կամ տեղեկություն չի ներկայացվել, ինչը կասկածի տակ է դնում Մամադովի նկատմամբ մեղադրանքներ առաջ քաշելը, նրա ձերբակալությունն ու նախնական կալանքի իրավացիությունը: Դատարանը գտել էր, որ այդ միջոցառումների իրական նպատակը նրան լռեցնելը կամ պատժելն է` իշխանություններին քննադատելու համար:

Դատարանն իր վճռում գտել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ եւ 18-րդ հոդվածների խախտումներ:

2014թ. դեկտեմբերից ի վեր՝ Նախարարների կոմիտեն ընդունել է բազմաթիվ որոշումներ և միջանկյալ բանաձևեր, որոնք շեշտում են Եվրոպական դատարանի 2014թ. մայիսին կայացրած դատավճռով քրեական դատավարության հիմնարար թերությունները և կոչ են անում Մամադովին անմիջապես և անվերապահ ազատել:

Այնուամենայնիվ, դատարանի վերջնական վճռից երեք տարի անց Մամադովը շարունակում է բանտում մնալ:

Զառա Պողոսյան

Մեկնաբանել