Թրափմի վարչակազմը պատրաստ է համակերպվել, որ Ասադը կմնա մինչև 2021

«Չնայած Սիրիայի քաղաքացիական պատերազմում կես միլիոն մարդու մահվանը (այդ թվում` քիմիական զենքի զոհերին), Թրափմի վարչակազմը պատրաստ է հաշտվել այն բանի հետ, որ Բաշար Ասադի իշխանությունը կշարունակվի մինչև 2021թ. Սիրիայում նշանակված հաջորդ նախագահական ընտրությունները», – գրում է The New Yorker-ի լրագրող Ռոբին Ռայթը` մեջբերելով «ամերիկյան և եվրոպական պաշտոնյաներին»։

«ԱՄՆ որոշման մեջ արտացոլվում են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են ԱՄՆ վարչակազմի ունեցած տարբերակների սղությունը, տեղում ռազմական իրողությունները և այն փաստը, որ Սիրիայի դաշնակիցներին` Ռուսաստանին, Իրանին և Հեզբոլլահին հաջողվեց աջակցել դժվարին իրավիճակում հայտնված Ասադի վարչակարգին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Սիրիա կատարած իր անսպասելի այցի ժամանակ հայտարարեց, որ հաղթանակ են տարել թե՛ «Իսլամական պետության» ջիհադիստների և թե՛ Արևմուտքի կողմից օժանդակություն ստացող ապստամբների նկատմամբ»,- գրում է հեղինակը:

Լրագրողը թվարկում է այն գործոնները, որոնք ազդել են ԱՄՆ-ի որոշման վրա. Դամասկոսը ներկա պահին վերահսկում է ԱՄՆ-ի վերլուծաբանների կողմից «օգտակար Սիրիա» անվանվող տարածքի մեծ մասը: «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադիր խմբավորումները անարդյունավետ են գործել»,- ասվում է հոդվածում: Ընդդիմությունն այդպես էլ չունեցավ ղեկավարություն, որին հաջողվեր դառնալ Ասադի կենսունակ այլընտրանքը:

«Դիվանագիտության մեջ Վաշինգտոնը դուրս էր մղել ուժեղ եռյակին (Ռուսաստան, Իրան, Թուրքիա), որը սակայն այսօր գերակայում է հաշտեցման գործընթացում»,- գրում է հեղինակը՝ անդրադառնալով Աստանայում Սիրիայի հարցով այս երկրների կազմակերպած բանակցություններին:

Ամերիկյան պաշտոնյաները եկել են այն եզրակացության, որ Սիրիայում իշխանության փոխանցման գրավականը ընտրություններն են, որոնք տեղի կունենան ՄԱԿ-ի հովանու ներքո և կվայելեն քաղաքացիների վստահությունը: «Ինչպես ինձ ասացին դիվանագետները, Սիրիայում ազատ և արդար ընտրությունների անցկացումը (ընտրություններ, որոնց պետք է մասնակցեն նաև տասնյակ երկրներով մեկ ցրված միլիոնավոր փախստականները) աննախադեպ բարդ գործ է դառնալու,- գրում է Ռայթը:- Բացի այդ, ժամանակ է պահանջվում նոր և ավելի մեծ վստահություն ներշնչող սիրիական ընդդիմության ի հայտ գալու համար»:

«Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ դեռ ցանկանում է իրականացնել քաղաքական գործընթաց, որը Ասադի հրաժարականի հեռանկարներ է բացում, սակայն եզրակացրել է, որ դրա համար, ամենայն հավանականությամբ, պետք է սպասել մինչև 2021թ. ընտրությունները»: 2020 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքից կախված՝ հնարավոր է, որ Ասադը Թրամփից ավելի երկար մնա իշխանության մեջ: Ամերիկյան պաշտոնյաները վախենում են, որ Ասադը 2021թ. այս կամ այն կերպ կհաղթի Սիրիայի ընտրություններում և երկար տարիներ կմնա իշխանության ղեկին»:

Զառա Պողոսյան

Մեկնաբանել