2017-ին շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան. ՊԵԿ

2017 թվականի ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն․ այս մասին ասված է Պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրությունում։ Կոմիտեի ավտոմաքսատան պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը աճը պայմանավորել է երեք հիմնական գործոնով։

«Տարեսկզբից մինչ այսօր ներմուծվել է 32 500 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23,5 միլիարդ դրամի մուտքեր: Ցուցանիշը 15 649-ով գերազանցել է 2016-ի արդյունքը. մասնավորապես, նախորդ տարի ներկրվել է 16 851 մեքենա՝ 14 միլիարդ դրամի դիմաց: Աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաները գործարքի գնի մեթոդով ձևակերպելու գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության մեծացմամբ»,- տեղեկացրել է Բաբկեն Ղազարյանը:

Պաշտոնյայի դիտարկմամբ՝ երկրորդ հանգամանքը, որով պայմանավորված է ավտոմեքենաների ներկրումների շուրջ 100 տոկոս աճը, «տնտեսության աշխուժացումն է և բնակչության գնողունակության բարձրացումը»։

Երրորդ հանգամանքը, ըստ Ղազարյանի, պայմանավորված է ԵԱՏՄ գործոնով: Այս տարվա ընթացքում ներկրված 32 500 ավտոմեքենաների 20 տոկոսը Հայաստանից արտահանվել է ԵԱՏՄ տարածք: Մեքենաների շուրջ 60 տոկոսը բերվել է Ճապոնիայից:

«Դա նշանակում է, որ քաղաքացիները, օգտվելով անդամակցությունից, առավել նպաստավոր պայմաններով մեքենաներն իրացնում են ԵԱՏՄ շուկաներում»,- ասել է ՊԵԿ ավտոմաքսատան պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը։

Մեկնաբանել