«Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն

«Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն նախագիծը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ, այս մասին հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ հաղորդագրության` դեկտեմբերի 26-ին «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ շարունակեցին քննարկումները ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթների շուրջ։

Նախաձեռնության անդամները ներկայացրին իրենց գրավոր առաջարկությունները՝ ընդգծելով, որ հիմնական, սկզբունքային տարաձայնությունը աջ ղեկով մեքենաների հաշվառման արգելքին է վերաբերում։

Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին տրվեցին պարզաբանումներ։

Նախաձեռնող խմբի գրավոր առաջարկները կքննարկվեն նախագիծը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ։ Արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը և «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին։

Մեկնաբանել