Ադրբեջանը «մաքրում է» ԵԽԽՎ-ում իր պատվիրակության կազմը

Ադրբեջանը փոխել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր պատվիրակության կազմը, գրում է Meydan TV-ն։ Պատվիրակություւնից հեռացվել են Էլհան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամեդովն ու Էլշան Մուսաևը։ Նման որոշման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։ Ինչպես Ֆեյսբուքի իր էջում նկատել է իրավապաշտպան և նախկին քաղբանտարկյալ Ռասուլ Ջաֆարովը, պատվիրակությունից հեռացվել են այն խորհրդարանականները, որոնց անունները շրջանառվում են «խավիարային դիվանագիտության» սկանդալում։ Խոսքը մասնավորապես Էլհան Սուլեյմանովի և Մուսլիմ Մամեդովի մասին է։

«Խավիարային դիվանագիտություն» արտահայտության տակ ենթադրվում է Ադրբեջանի լոբբիստական գործունեությունը՝ միտված օտարերկրյա քաղաքական գործիչների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կաշառմանն ու սիրաշահմանը։

«Դա փաստորեն ևս մեկ անգամ հաստատում է առաջադրված բոլոր մեղադրանքների լրջությունն ու այն, որ Եվրոպայի խորհրդի ներսում գործող անկախ խմբերը մյուս երկրների՝ կոռուպցիայում ներքաշված պատգամավորների հետ համատեղ հետաքննում են այս անձանց գործողությունները։ Հաշվի առնելով անցյալ տարվա պաշտոնանկությունները՝ կարելի է ասել, որ ԵԽԽՎ-ն գրեթե մաքրվել է իր կոռումպացված անդամներից։ Սակայն գործընթացը դեռ չի ավարտվել»,- գրել է իրավապաշտպանը։

Խոսքը ԵԽԽՎ-ի ներսում ծագած սկանդալի մասին է, որը նոր թափ ստացավ 2016թ․ ամռանը, երբ իտալական Corriere della Sera թերթը գրեց, որ Միլանի դատախազությունը իտալացի հայտնի քաղաքական գործիչ, ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեին մեղադրեց Ադրբեջանից խոշոր չափերի կաշառքներ ստանալու մեջ։

Դատախազության տվյալներով՝ Վոլոնտեն ստացել է 2,39 մլն եվրո ադրբեջանցի պաշտոնյաներին սատարելու համար։ 2016թ․ դեկտեմբերին Վոլոնտեն համաձայնել է համագործակցել քննության հետ և բարձրաձայնել եվրոպացի բազմաթիվ գործիչների անուններ, որոնք շահադիտական նկատառումներով առաջ են տարել Ադրբեջանի իշխանությունների շահերը։ Վոլոնտեն հաստատել է 2,39 մլն եվրո ստանալու փաստը։ Իտալական հեռուստատեսությամբ ցուցադրված վավերագրական ֆիլմում նա պնդել է, որ այդ գումարը ստացել է Էլհան Սուլեյմանովից։

The Giuardian թերթի տվյալներով՝ Վոլոնտեին վճարումներն արվել են բրիտանական չորս ընկերությունների միջոցով, որոնք գործունեություն չեն վարել Բրիտանիայում և ըստ ամենայնի կեղծ են։

Կարդացեք՝ ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը»:

Մեկնաբանել