Հայաստանը՝ կրկին «մասամբ ազատ»․ Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2018» զեկույցը, որում ներկայացվում է աշխարհի 195 երկրներում և 14 տարածքում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հաﬔմատական գնահատականը: Հայաստանն այս տարի, ինչպես և նախորդ տարի, դասվել է «մասամբ ազատ»-ների շարքին՝ 45 միավորով (2017թ․՝ կրկին 45 միավոր)։ Լեռնային Ղարաբաղը նույնպես «մասամբ ազատ է»՝ 30 միավորով (2017թ․՝ 33 միավոր)։

Freedom House-ը փաստում է, որ 2017-ին ժողովրդավարությունն աշխարհում առերեսվել է վերջին տասնամյակներին ամենալուրջ ճգնաժամին․ աշխարհով մեկ տարվա ընթացքում մեծապես տուժել են ժողովրդավարության հիմնարար սկզբունքները՝ ազատ և արդար ընտրությունների երաշխիքը, փոքրամասնությունների իրավունքները, մամուլի ազատությունը, օրենքի գերակայությունը։

Զեկույցի նկարագրության մեջ նշվում է, որ տարածաշրջանի որոշ երկրներում կառավարությունները փորձել են կանխել փոփոխությունները։

«Հայաստանում ու Ղազախստանում մեծ ընտրախախտումներով ընթացած քվեարկություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական նորմերի շարունակվող խարխլումը։ Երկու երկրներում իշխող կուսակցությունները իշխանությունը ձեռքում պահելու նպատակով հենվել են ընդդիմության դեմ բռնության, ընտրողների դեմ սպառնալիքների և վարչական ռեսուրսի չարաշահման վրա։

Հայաստանի դեպքում աղաղակող ընտրակեղծարարությունը հակասում է երկրի՝ Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու ձգտմանը, որի հետ նոյեմբերին ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»,- նշում են հեղինակները։ Հարևաններից Վրաստանը «մասամբ ազատ է»՝ 64 միավորով (2017թ․՝ կրկին 64 միավոր), Ադրբեջանը՝ «անազատ» 12 միավորով (2017թ․՝ 14 միավոր, 2016-ին՝ 16 միավոր)։

Թուրքիան այս տարի դասվել է «անազատ» երկրների շարքին՝ 32 միավորով։ 2017թ․ նա «մասամբ ազատ»-ների թվում էր՝ 38 միավորով (2016-ին՝ 53 միավոր)։

Իրանը, ինչպես և 2017-ին, նույնպես «անազատ է»՝ 18 միավորով (2017թ․՝ 17)։

Մեկնաբանել