Նազարբաևը շնորհակալություն է հայտնել Թրամփին Ղազախստանի անկախությանը սատարելու համար

Ղազախստանը Միացյալ Նահանգների բարեկամն է և բարձր է գնահատում քաղաքական աջակցությունը, որը Աստանային ցուցաբերում է Վաշինգտոնը․ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Ես մեր տարածաշրջանի առաջին նախագահն եմ [որն այցելել է ԱՄՆ]։ Բուն փաստը, որ ես այստեղ եմ, մեծ պատիվ է։ Եվ ես մյուսներին [կենտրոնասիական առաջնորդներին] էլ եմ ներկայացնում այսօր։ Բոլոր այս 26 տարիներին Ղազախստանը ԱՄՆ-ի բարեկամն է եղել»,- ասել է Նազարբաևը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին իր երկրի «անկախությանն ու տարածքային ամբողջականությանը» սատարելու համար։

«Ներկայում մեծ տերությունները Կենտրոնական Ասիայի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում։ Մեր հարևանները՝ մի կողմից՝ Ռուսաստանը, մյուս կողմից՝ Չինաստանը, հարավում՝ իսլամական աշխարհը։ Այստեղ շատ կարևոր է Միացյալ Նահանգների ներկայությունը՝ մեր С5+1 ձևաչափով (ԱՄՆ + Կենտրոնական Ասիայի հինգ երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը) և ես խնդրում եմ նախագահին շարունակել այդ համագործակցությունը»,- հայտարարել է Կենտրոնական Ասիայի ամենաերկարակյաց առաջնորդը։

Վերջինս նաև ակնկալում է, որ ԱՄՆ-ը Ղազախստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմ կսահմանի՝ ի պատասխան ամերիկացիների համար Աստանայի համանման քայլի։

ԱՄՆ-ի նախագահն իր հերթին Ղազախստանն անվանել է «արժեքավոր գործընկեր» և հիշատակել Ղազախստանում գործող այնպիսի հսկաների, ինչպիսիք են General Electric և Boeing ընկերությունները։ Վերջերս էլ ամերիկյան Chevron էներգետիկ ընկերությունը մոտ 37 մլրդ դոլար է ներդրել Ղազախստանի «Թենգիզ» հանքավայրում։ Նազարբաևը նշել է, որ իր երկիրը ամերիկյան ընկերությունների հետ 7,5 մլրդ դոլարի գործարքների շուրջ պայմանավորվածության է եկել։

Իր խոսքում Ղազախստանի նախագահը նաև շեշտել է, որ մտահոգված է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացմամբ, որոնք, նրա խոսքով, հասել են «զրոյական մակարդակի»։

Նուրսուլթան Նազարբաևը ամերիկացի իր պաշտոնակցին հրավիրել է Աստանա։

Մեկնաբանել