Բաքուն փոխհատուցում է դիվանագիտական ձախողումները․ Տիգրան Բալայան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է հունվարի 25-ի գիշերը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած դիվերսիոն փորձին։

«Շփման գծում սադրանքներ իրականացնելով՝ Բաքուն փորձում է փոխհատուցել դիվանագիտության ոլորտում և միջազգային հարթակում կրած ձախողումները, շեղել ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ոտնահարումից։ Չե՛ն հաջողի»,- սոցցանցերում գրառում է արել Տիգրան Բալայանը։

Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ Ադրբեջանը դիվերսիայի փորձ է արել շփման գծի հարավարևելյան ուղղությամբ։

Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:

Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը շարունակվել են անցյալ դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։

Մեկնաբանել