Ադրբեջանցիները Կապանից հեռացան կազմակերպված, թաքուն, անսպասելի. 1988-ի փետրվար

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնում լույս է տեսել Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի հրապարկումը, որը տեղ է գտել նրա «Հարյուրամյա պատերազմ… Օրեր և մարդիկ» (Զանգակ-97, Երևան, 2003, էջ 9-11) հատորում: Գրքի այս հատվածը կարող է լինել ևս մեկ հարված այն կեղծարարությանը, որը շրջանառության մեջ են դրել բրիտանացի հեղինակ Թոմաս դե Վաալը և ադրբեջանցի հետազոտող Արիֆ Յունուսովը: Խոսքը Սումգայիթի հայկական ջարդերից առաջ իբր Կապանից ադրբեջանցիների վտարումների մասին է: Ի դեպ, հենց դրանով է ադրեջանական քարոզչությունը փորձում արդարացնել Սումգայիթի հայկական ջարդերը:

***

Մեզ համար աշխարհը շուռ եկավ փետրվարից. շարունակ ցույցեր են, հանրահավաքներ, գործադուլներ: Դրանք հասան նաև Կապան: Փետրվարի 23-ին եղավ առաջին հանարահավաքը: Հավաքվել էին մարզադաշտում: Մասնակցում էին նաև շրջանի ղեկավարները: Վերջիններս փորձեցին ղեկավարել հանարահավաքը, բայց չհաջողվեց. հնչեցին հակակոմունիւստական ելույթներ, ազգանպաստ պահանջներ:

Փետրվարի 25-ին եղավ երկրորդ հանրահավաքը: Հետո սկսեց մարել հետաքրքրասիրությունը, պակասեցին մասնակիցները, ու երևի այդ պատճառով հանրահավաքները տեղափոխվեցին քաղաքի կենտրոն: Հաճախ մոռանում էին, որ «միացման» համար են հավաքվել և սկսում էին հայհոյել կոմունիստ ղեկավարներին, կուսակցության առաջնորդներին, պահանջում էին պատժել ժողովրդի հաշվին հարստացողներին, կաշառակերներին: Դա դուր էր գալիս մարդկանց, և հերթական հանրահավաքը մարդաշատ էր լինում, երբ նախօրոք հայտարարում էին, թե քննարկվելու է շրջանի կաշառակերների հարցը:

Սա հանրահավաքների մասին: Սակայն իրադարձությունների շղթայում առանձնացավ ադրբեջանական բնակչության հեռանալը Կապանից: Հեռացան կազմակերպված, թաքուն, անսպասելի: Հայաստանի ազերիներն առաջինը Կապանից հեռացան: Նրանց դեմ որևէ բռնություն չեղավ: Ուղղակի այստեղ ավելի շուտ խուճապի ենթարկվեցին, և քանի որ հեռանալու համար էլ պայմանները նպաստավոր էին (Կապան-Բաքու երկաթուղին), գնացքով մի գիշերվա ընթացքում հասան Բաքու ու այնտեղ տարածեցին սադրիչ լուրեր: Այս իրողությունները ևս դարձան Սումգայիթյան ջարդերի շարժառիթը: Այդպես են ասում: Ասում են նաև, որ Կապանից ադրբեջանցիների հեռանալը կազմակերպված էր նրանց մտավորականների կողմից:

Ընդհանրապես Կապանում ադրբեջանցի հասարակ, աշխատավոր մարդն ու մտավորականը տարբեր կերպ էին մտածում: Մտավորականությունը շարունակ բողոքողի, դժգոհողի, նեղացածի կարգավիճակում էր, քանի որ իրեն բարձր դիրք ու պաշտոններ չէին վստահում: Այդպես էր: Իսկ աշխատավոր մարդիկ դժգոհելու առիթ չունեին: Նրանք լավ գիտեին իրենց քույրերի և եղբայրների վիճակը՝ թեկուզ հենց հարևան Զանգելանում և Կուբաթլիում:

Հայտնի է, որ հեռացածների մի մասն էլ հայտնվեց Զանգելանում, ինչպես իրենք էին ասում՝ չիմանալով, թե ինչու: Մարտի սկզբներին էր: Սրանց հետ բերելու համար Զանգելան ուղարկվեց 22 ավտոբուս: Զանգելան ուղևորվեցին նաև շրջանի մի քանի ղեկավարներ: Մտածում էին համոզել, հետ բերել, չխորացնել կոնֆլիկտը: Իրականության հետ առաջինը բախվեց Կապանի շրջկոմի քարտուղար Բաբայանը: Նա հանդիպեց Զանգելանի շրջկոմի առաջին քարտուղար Աթաքիշիևին, որն, ի դեպ, նույնպես անհանգստացած է եղել դեպքերից:

Հեռացածների մի մասը հետ վարադարձավ Կապան, այդ թվում՝ Բաքու մեկնածները, որոնք իրենց սև գործն էին արել արդեն՝ հրահրելով Սումգայիթի ջարդերը:

Կապանը բազմազգ բնակչություն ուներ, որոշակի տոկոս էին կազմում ադրբեջանցիները: Այստեղից ավելի շատ դիմումներ էին հասնում Մոսկվա, հաճախ ուղղված «առաջնորդ» Ալիևին:

Կապան ժամանեցին Մոսկվայից: Մինչև «Սումգայիթը» այստեղ եկավ ԽՄԿԿ կենտկոմի ազգամիջյան հարաբերությունների սեկտորի վարիչ Սերգեյ Սլոբոդանյուկը:

Սա հրեա էր, չէր վստահում տեղական իշխանություններին, կասկածամիտ էր, երևույթները նենգափոխելու համար անընդհատ ինչ-որ բան էր փնտրում: Նրան հայտնել էին, որ ադրբեջանցիների համար Կապանում անտանելի պայմաններ են ստեղծված, օրինակ՝ բոլորն անխտիր բնակեցված են առաջին հարկերում և ներքնահարկերում: Հրեան շրջել է քաղաքում, զրուցել ադրբեջանցիների հետ, բախել առաջին հարկերի դռները, իջել ներքնահարկերը: Ներքնահարկերում բնակվող մարդ ընդհանրապես չհայտնաբերվեց, իսկ առաջին հարկերում բնակվում էին «հասարակ ծագմամբ», չունևոր թե՛ հայեր, թե՛ ադրբեջանցիներ:

Մոսկվա մեկնելուց առաջ հրեան ասել է իր խոսքը. «Եթե դուք՝ հայերդ, Ղարաբաղ եք ուզում, պիտի մտածեք այն մեկ ու կես միլիոն հայերի մասին, որոնք ապրում են Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Միջին Ասիայում: Լավ մտածեք»:

Սա առաջին սպառնալիքն էր, որի նմանները հետո ևս հնչեցին և այսօր էլ դեռ շարունակվում են հնչել:

Հետո եղավ Սումգայիթը:

Կարդացեք նաև՝ Ադրբեջանցիները՝ Կապանում․ պատմությունն օրվա ընկալումներից դուրս

Մեկնաբանել