Տավարի միսը թանկացել է 22%-ով, խոզի միսը՝ 36%-ով

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, գրանցվել է 2,7% գնաճ։ Տավարի միսը թանկացել է 22%-ով, իսկ խոզի միսը՝ 36%-ով։

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ․ հունվարի Սպառողական գների ինդեքսը։ Սպառողական գների ինդեքսը 2018-ի հունվարին 102,7 է, այսինքն՝ դեկտեմբերի համեմատ գրանցվել է գների 2,7% աճ։

Ամենամեծ աճն արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում՝ 5,7%։

Գներն աճել են ոչ միայն 2017-ի դեկտեմբերի համեմատ, այլև՝ նախորդ տարվա հունվարի համեմատ։ Մասնավորապես՝ սպառողական գների ինդեքսը 2018թ․ հունվարին 2017թ․ հունվարի համեմատ կրկին աճել է 2,7%-ով, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ 4,0%-ով, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 3,8%-ով, իսկ բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակների գները իջել են՝ 1,8%-ով։

Սննդամթերքից 2018-ի հունվարին 2017-ի հունվարի համեմատ աճել են տավարի և խոզի մսի գները՝ համապատասխանաբար 21,9% և 36,1%-ով, իսկ թռչնամսի գները նվազել են։

Կաթնամթերք, պանիր և ձու բաժնի գները հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ աճել են 7,1%-ով, կարագինը՝ 37,9%-ով։

Նախորդ տարվա հունվարի համեմատ գների 8,1% նվազում է նկատվում շաքարի, 2,1%՝ բանջարեղենի մասով։

Դեկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 34,3%-ով։

Գնաճի պատճառները ՍիվիլՆեթի հետ զրույցում պարզաբանել է «Պարադիգմա Արմենիա» ընկերության տնօրեն Ահարոն Չիլինգարյանը։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել