Սուրբ կրակը երկնքից չէ, այն վառվում է կանթեղից․ Երուսաղեմի հայ հոգևորականի բացահայտումը

Երուսաղեմի Հայոց Սուրբ Յակոբեանց միաբանության հոգևորական, Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանը Զատկի նախաշեմին իսրայելական հաղորդմանը տված հարցազրույցում բացահայտել է, որ Սուրբ կրակը ոչ թե երկնքից է, այլ վառվում է հոգևորականների կողմից՝ կանթեղից, ապա կրակը դուրս է հանվում և տարածվում՝ որպես Սուրբ կրակ։ Աղոյանի բացահայտումը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցներում։

Լրագրողի ճշտող հարցին, թե ըստ հավատամքի՝ կրակը երկնքից է գալիս, Աղոյանը պատասխանում է․ «Ոչ։ Մենք հավատում ենք հրաշքների։ Ես ներկա եմ եղել երեք անգամ, դա տեղի չի ունեցել»։ Աղոյանի խոսքով՝ Աստված չի սիրում հրաշքներ գործել «մարդկանց պարզապես գոհացնելու համար»։

Աղոյանին ընդհատել է ղպտի հոգևորականը, որը ներկա էր այդ պահին։ Նա հայ հոգևորականի պնդումը «սուտ» է որակել։

«Ես եմ այստեղ պատասխանատու։ Դա ճիշտ չէ»,- ասել է ղպտի եկեղեցու ներկայացուցիչը՝ պահանջելով ընդհատել նկարահանումը, սակայն Աղոյանը շարունակել է պնդել, որ որևէ հրաշք տեղի չի ունենում և հեռացել։

Տեսանյութում հայ և ղպտի հոգևորականները հարցերին պատասխանում են անգլերեն, Սուրբ կրակի շուրջ վեճը՝ 11․10-րդ րոպեից։

***

Քրիստոնեական ամենամեծ սրբավայրը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, փետրվարի վերջին փակել էր իր դռները ի նշան բողոքի։ Տաճարի իրավատեր համայնքների ներկայացուցիչներն այդկերպ իրենց դժգոհությունն էին հայտնել Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման առնչությամբ, որով քրիստոնեական համայնքներից պահանջվում է քաղաքապետարանին հարկ վճարել եկեղեցիների և վանքերի համար։ Բողոքն ուղղված էր նաև Քնեսեթում քննարկվող օրինագծի դեմ, որը պետությանը իրավունք է տալիս բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները, որոնք վարձակալությամբ տրված են անհատ ձեռներեցների։

Տաճարը վերաբացվել է մի քանի օր հետո՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջամտությամբ։ Որոշվել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը բանակցություններ է վարելու քրիստոնեական համայնքների ներկայացուցիչների հետ՝ վերոհիշյալ խնդիրները լուծելու համար։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել