Վորոնեժում Հայաստանից մեկնող ավտոբուսը բախվել է բեռնատարի, երկու վարորդները մահացել են

Վորոնեժի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ Հայաստանից մեկնող ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ։ Այն բախվել է բեռնատարի հետ։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ զոհվել են ավտոբուսի և բեռնատարի վարորդները, ութ մարդ ստացել է վնասվածքներ։

«Մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին  տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:

Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 8 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ ճշտում է ավտովթարի արդյունքում տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը։

Հաղորդվում է, որ ավտոբուսում կար 50 ուղևոր, բոլորը՝ Հայաստանից։