Հերոսը և դահիճը

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց տասը տարի հինգ ամսվա ազատազրկման։ Ոչինչ չանելու համար։ Կարծեմ ինչ-որ մեկն իր ունեցած զենքը կապել է այս մարդու անվան հետ։ Տասը տարի հինգ ամիս։ Հանրապետականներից ոչ մեկի բարեկամը չէ Սեֆիլյանը, արածն էլ ի՞նչ է՝ կռվել է Ղարաբաղում, հողեր է ազատագրել և նպաստել է Արցախի անվտանգության ամրապնդմանը։ Հիմա ո՞վ է հիշում նրա սխրանքները։ Նույնիսկ ահաբեկչության մեղադրանք չկա այս մարդու վրա, որ գոնե ժամկետի կեսի հետ հաշտվես։

Գևորգ Սաֆարյանին հինգ տարվա են դատապարտել տոնածառի համար։ Կա՞ որևէ հանրապետական, որ գոնե մեկ օր կդիմանա բանտին։ Չկա։ Դատավճիռներն էլ շռայլում են այնպես, ասես վերջին հույսի հացի կտոր լինեն, չտաս՝ կմեռնի։ Բայց Սերժ Սարգսյանը Ժիրայր Սեֆիլյանին չի դատապարտում, նա դատապարտում է մարդու փոփոխություն տեսնելու մղումը։ Այս մարդիկ փողոցային պայքարի վերջին «փշրանքներն» էին։ Սարգսյանի վարչապետ լինելու նախաակորդն է այս դատավճիռը։ Ես Սեֆիլյանից երբեք հեղափոխություն չեմ սպասել։ Նա խաղաղության մարդ չէ, բայց գործի մարդ է։ Սակայն երբ նրան բանտարկում ես ոչնչի համար, ուզում ես ասել, որ խաղաղությունը արժեք չունի։ Մեղադրանքի բացակայությամբ զրոյացնում ես խաղաղության իմաստը։ Սեֆիլյանի հանդեպ կիրառվել է առանց դատ դատաստանը։ Ո՞վ կարող է ասել, որ նրան դատապարտող դատարանը դատարան էր, դատախազն իսկապես գաղափար ուներ մեղադրանքից։ Ոչ ոք չի կարող։

Սերժ Սարգսյանը Ժիրայր Սեֆիլյանին չի դատապարտում, նա դատապարտում է մարդու փոփոխություն տեսնելու մղումը։ Այս մարդիկ փողոցային պայքարի վերջին «փշրանքներն» էին

Սեֆիլյանը պետք է նստի։ Որովհետև իշխանությունը չի ուզում ձեռքերը թաթախել արյան մեջ։ Ի՞նչ անի՝ գնդակահարի՞։ Մարտի 1-ից հետո նման բաները մարսելը մի քիչ դժվար է։ Փողոցում նրանց բարձրացրած աղմուկը շատ է արմատական։ Իհարկե, քաղաքական խաղեր էլ կան այս մարդու անվան շուրջ։ Բայց մեզ հետաքրքիր է, թե ինչպես կարելի է մարդուն տասը տարի հինգ ամիս դատապարտել հենց այնպես։ Շատ կուզեի նայել դատավորի աչքերի մեջ։

Երբեք չեմ կարող հասկանալ պետության հաշվին հանցագործ լինելու ազատությունը։ Օրինակ, մարտի 1-ը հանցագործություն էր պետության հաշվին։ Առողջապահական համակարգի բացակայության պայմաններում դեղերը դեղատոմսով սարքելը հանցագործություն է պետության հաշվին։ Դատավորը հանցագործություն է կատարում պետության հաշվին։ Այսինքն, երբ վաղը նրան ձերբակալեն, ասելու է՝ ի՞նչ անեի, հրահանգը վերևից է։ Նրա պատկերացրած պետությունը մեկ աթոռ է։ Ու էդ մարդը իրավաբանական ֆակուլտետ է ավարտել։ Իր պետական անգրագիտության դաշտում ապրում են իր երեխաներն ու կինը։ Սա ֆենոմեն է։ Որովհետև եթե անհույս անգրագետ ես, ի՞նչ խնդիր օրը ցերեկով խփես սպանես սեփական երեխաներին ու կնոջդ։ Բայց չի անում, որովհետև էդ հրահանգը չկա։ Հարազատներին ֆիզիկապես տրորելը մարդ չլինելու կարգավորումների մեջ չկա։ Դատավորին թույլատրվել է մարդ չլինել ուրիշի հարազատների հանդեպ։ Թույլատրվել է թքած ունենալը օրենքի վրա։ Դա դատավճիռ չէ, այլ դատավորի ինքնախոստովանական ցուցմունք, որ իմ երեխան պիտի ապրի, իսկ Սեֆիլյանի երեխայի հերն էլ անիծած։

Ինչու՞ է դատավորը հնազանդ։ Որովհետև մարդու իրավունքների ոխերիմ թշնամի Գևորգ Կոստանյանը ղեկավարում է ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը։ Նա տեսնում է, որ ամեն ինչ թարս է, ինքն ինչու՞ պիտի ուղիղ լինի։ Դատավորին պետք է հասկանալ, բայց ներելու մասին թող մոռանա։ Որովհետև ոչ ոք մեկ ուրիշի հաշվին չի կարող ներել։ Դատավորը լսել է, որ Սեֆիլյանի անունը հանում են ազատամարտի մասին պատմության էջերից, մի դատավճռով ինքն էլ իր «գրեֆն» է անում։ Դե իհարկե։

Բայց հո գիտի՞, որ պատմությունն այսպիսի դատավճիռները ճեղքում է։

Մեկնաբանել