Հանուն Հայաստան պետության ճակատը «կողմ է խաղաղ գործողությունների»

Մարտի 30-ին տեղի ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հերթական հավաքը։ Նախաձեռնության անդամ, դերասանուհի Թամար Հովհաննիսյանն արձանագրեց, որ երկրաչափական պրոգրեսիայով նախաձեռնության հավաքներին նվազում է մարդկանց թիվը։ Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։

Ազատության հրապարակում առաջինը ելույթ ունեցավ Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախկին համակիր Գրիշա Վիրաբյանը, ով Հայաստանում խոշտանգվել է 14 տարի առաջ։ Նա ասաց, որ ժողովրդի հիասթափությունը հասել է կրիտիկական կետին։ Վիրաբյան դեմ է այն մարդկանց, ովքեր պետք է քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին․ «Այսօր փորձում են մեզ շարունակական ապացուցել մեր անպիտանելիությունը, դա ամենածայրահեղ բանն է ժողովրդի համար»։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հավաքի մասնակիցներին ցույց տվեց իր անձրևանոցը, ասաց, որ տևական ժամանակ է, ինչ ոստիկանները փորձում են հրապարակում գտնել զենքով մարդկանց․ «Ասում են՝ թե ճակատը զենքով կռիվ է ուզում, լավ հերիք չի։ Ոնց որ Սամվել Բաբայանի դեպքում եղավ սկզբում տեղեկատվական դաշտը ապահովեցիք, հետո տրուբա մի տեղից գտաք ու վերջում բռնեցիք-ասեցիք, Բաբայանն այդ ամենի հետ կապ ունի։ Հանուն Հայաստան պետության ճակատի կողմից պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք կողմ ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործությունների»։

Մարտիրոսյանը կարծում է, որ եթե Ազատության հրապարակում հավաքվի 50-100 հազար մարդ, ապա կկարողանան փոխել իրավիճակն ու իշխանությունը բռնի ուժ չի կիրառի․ «Այն, որ մենք դեռ այսքան չենք, սա մեզ չի հիասթափեցնում, քանի որ մենք մեր ակտիվ գործողությունները պետք է սկսենք ապրիլի 9-ից»։ Ճակատի անդա Թամար Հովհաննիսյանը հավելեց, որ ապրիլի 9-ից հետո սկսվել են ամենօրյա գործողություններ։

Ելույթ ունեցավ նաև ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը, ով ճակատի առաջին հավաքի ժամանակ՝ մարտի, բռնության կոչեր էր անում։ Նա այսօր հայտարարեց, որ ինքը բռնության քարոզ չի արել, պարզապես եղել է հուզված․ «Այսօր ես եկել եմ սպիտակ դրոշով։ Մենք կանգնած, խաղաղ ցույցով կարող ենք մեր երկիրը փոխել»:

«Մերժիր Սերժին» նախաձեռնության ղեկավարներից, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն ասաց, որ իրենք նույնպես ապրիլի 9-ից սկսելու են ակտիվ գործողությունները, առաջին ակցիան լինելու է այդ օրը՝ փորձելու են տոնակատարության ձևով նշել Սերժ Սարգսյանի ժամանակավոր հեռացումը քաղաքականությունից։

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ Սերժ Սարգսյանը «արցախյան անվտանգության հարցում ամենաձախողված քաղաքական գործիչն է»․ «Նույն ժամանակահատվածում, երբ Ալիևը կրկնապատկել է Ադրբեջանի ռազմական բյուջեն, Սերժ Սարգսյանը կրկնապատկել է Հայաստանի ոստիկանության բյուջեն, որովհետև նա փորձել է պաշտպանվել Հայաստանի քաղաքացիներից, այլ ոչ թե Ադրբեջանից, արդյունքում մենք հայտնվել ենք ապրիլյան պատերազմում, ունեցել ենք մարդկային և տարածքային մեծ կորուստներ»։

Նա համոզված է, որ չկա որևէ ոլորտ որը զարգացում է ապրել Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում։

Մեկնաբանել