Պայքարել համայնքների ֆինանսավորման անհամաչափության դեմ

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է՝ համայնքների ֆինանսավորման նոր սկզբունքներ է անհրաժեշտ մշակել, ըստ որոնց, համայնքների ֆինանսավորման չափը տարբեր կլինի՝ ըստ դրանց ունեցած մարտահրավերների։

Բարսեղյանի խոսքով՝ այդպիսի տարածքներ կարող են դիտարկվել ու մեծ ծավալներով ֆինանսավորման անհրաժեշտություն ունեն, օրինակ, սահմանամերձ համայնքները, անօթևանության բարձր ցուցանիշ ունեցող համայնքները, բարձրլեռնային բնակավայրերը և այլն։

«Սրանք պիտի հաշվի առնվեն համայնքների ֆինանսավորման բանաձևերում, ֆինանսական համահարթեցման մասին օրենքում, որ վերջում ստացվի այնպիսի ֆինանսավորում, որ մեծ կարիքի մեջ գտնվող համայնքը կարողանա շտկվել, աղքատությունը նվազեցնել և այլն, իր կարողություններով, հնարավորությամբ ելնի, հասնի մյուս համայնքներին, որից հետո կարելի է բոլորին հավասար ֆինանսական միջոցներ տրամադրել»,- ասում է Լևոն Բարսեղյանը։

Նա համայնքների ներկա ֆինանսավորման կարգը պատկերավոր համեմատությամբ է ներկայացնում. «Ենթադրենք, ընտանիքում 10 երեխա կա, էն 9 հոգին էլ մրսել են, հազում են մի քիչ։ Բոլորին հավասար թեյ ես տալիս։ Էն մեկն էլ, որը թոքախտ չէ, մեղրով, բանով ես թեյ տալիս, բայց էդ երեխան թոքախտ չէ։ Կերակրում ես, բան ես անում՝ էդ երեխայի անունը դնենք Երևան։ Հետո ի՞նչ է լինում. թոքախտավորդ մի օր մեռնում է, այ ընկեր, արի էն մեկին բուժի, քաշի հասցրու մրսածի, թեյ խմողի մակարդակի, նոր բոլորին հավասար թեյ տուր։ Հասարակ բան է։ Կառավարությունից սա ո՞վ չի հասկանում»։

Բարսեղյանի խոսքով՝ Երևանի մեկ շնչին ընկնող բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս մարզկենտրոնների բյուջեին։ 2015, 2016, 2017 թվականներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, բոլոր մարզկենտրոններից բնակչությունը հետևողականորեն նվազել է, իսկ Երևանում աճել է։ Լևոն Բարսեղյանը հարց է բարձրացնում՝ ինչու՞, պատճառը ո՞րն է։

«Որովհետև Երևանում ավելի հարմար է կյանքը, ինչի համար շնորհավորում եմ երևանցիներին։ Պարզ է՝ մարդիկ ուզում են ավելի հարմար ապրել»,- ասում է նա։

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը Սիվիլնեթի հետ զրույցում նշել էր՝ համայնքները հնարավորություն ունեն ծրագրեր ներկայացնել ու սուբվենցիաներ ստանալ կառավարությունից։

«Համայնքների ծրագրերի գնահատման մեջ կարևորը նաև աշխարհագրական դիրքն է։ Ինչքան համայնքը Երևանից հեռու է, այդքան նրա ծրագրի գնահատումը բարձր է, սա որպես ապացույց այն բանի, որ մենք հակված ենք ֆինանսավորել ծրագրեր, որոնք հնարավորինս թույլ ու խոցելի համայնքներում են»,- ասել էր Կարապետյանը։

Փոխնախարարը համայնքներում մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված մեկ այլ քայլ է առանձնացրել. առաջիկայում համայնքների տնտեսության վրա ազդեցություն ունեցող ծրագրերի տոկոսների ֆինանսավորումն է պետության կողմից։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել