LIVE Blog․ Երևանյան ցույցերի ուղիղ լուսաբանումը, ապրիլի 16

Ապրիլի 16-ի վաղ առավոտից սկսվել է Երևանի փողոցների արգելափակումը։ Նախօրեին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ապրիլի 16-ի վաղ առավոտյան սկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ արգելափակելով Երևանի փողոցները, կամուրջները, մետրոն։ ՍիվիլՆեթը ուղիղ լուսաբանում է իրադարձությունները՝ տեքստային տարբերակո8;վ և տեսահեռարձակմամբ։

20:35 – Այսօր Բաղրամյան պողոտայից Հերացի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 7 տուժող, ևս մեկը այնտեղ էր տեղափոխվել առավոտյան և արդեն դուրս է գրվել:

20:30 – Հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մինչև առավոտյան ժամը 8:00-ը փակել Երևանի և մյուս քաղաքների փողոցները:

20:00 – Գյումրիից ավտոշարասյունով եկող քաղաքացիների ճանապարհը ոստիկանները փակել են Հաղթանակ կամրջի վրա:

19:48 – Նիկոլ Փաշինյան. Մենք այսօր բեկում մտցրինք Հայաստանի ներքաղաքական կյանքում

Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 17-ին շրջափակելու են խորհրդարանի շենքը բոլոր կողմերից: Նա կրկին կոչ արեց փակել Երևանի բոլոր փողոցները, ինչպես նաև միջպետական ճանապարհները, հայտարարել համահայաստանյան գործադուլ և դասադուլ:

19:34 – Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

17։34 – Փաշինյանը վերադարձել է Բաղրամյան պողոտայի փշալարերի մոտ, կոչով դիմում է ոստիկաններին և ասում՝ «Ձեզնից յուրաքանչյուրին համարում եմ իմ եղբայրը, և դրա մեջ ոչ մի ձևական բան չկա»։ «Մենք մեր հանրահավաքը պետք է տեղափոխենք այստեղ»,- հայտարարեց Փաշինյանը։ Հանրահավաքը՝ 18։30-ին։

Փաշինյանն ասաց, որ շատ ուրախ է ԵԼՔ-ի իր գործընկերներին «այստեղ տեսնելու համար»։

17։30 – Նիկոլ Փաշինյանի գործընկերները ԱԺ ԵԼՔ խմբակցությունից՝ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը, նրան դիմավորեցին Ֆրանսիայի հրապարակում, ողջագուրվեցին։

17։15 – Ազատությունը հաղորդում է, որ վանաձորցի տասնյակ ուսանողներ ու դպրոցականներ, ովքեր դասադուլ են հայտարարել և քայլերթով հասել քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակ, «Մերժիր Սերժին», «մենք ենք կերտում մեր ապագան» և այլ վանկարկումներով փակել են Տիգրան Մեծ գլխավոր փողոցը։

Ակցիայի մասնակիցները կոչ են անում անցորդներին միանալ իրենց։ Քիչ առաջ հայտարարեցին, թե չի բացառվում, որ կմիավորվեն Գյումրիում բողոքի ակցիաներ իրականացնող խմբերի հետ։

17։10 – Հիվանդանոցում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, թե այսօր այնպիսի տպավորություն է, որ բեկում է տեղի ունեցել։ «Եվ մենք Սերժ Սարգսյանին թույլ չենք տա, որ նա վարչապետ լինի»,- ասաց Փաշինյանը։ «Ես հայտարարել եմ՝ նույնիսկ իմ կյանը չեմ խնայի հանուն Հայաստանի Հանրապետության։ Եվ սա քաղաքական հայտարարություն չէ»,- նշեց Փաշինյանը։ Լրագրողներից մեկն ասաց, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել է՝ եթե հազարավոր քաղաքացիներ հավաքվեն, ինքը կգա հրապարակ։ Փաշինյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել Մարուքյանին։

17:07 – Նիկոլ Փաշինյանն այս պահին հիվանդանոցից լրագրողների միջոցով կոչ է անում մարդկանց դուրս գալ փողոց և նշում է, որ շուտով ինքն էլ կմիանա:

16։29 – Tert.am-ը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանից բացի, վնասվածքներ են ստացել երեք ոստիկան։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

16։20 – Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է՝ մենք մեկ պահանջ ունենք, որ Սերժ Սարգսյանը այս երկում այլևս պետական պաշտոն չզբաղեցնի։

15:56 – Նիկոլ Փաշինյանի կինը ՍիվիլՆեթին ասաց, որ Փաշինյանը լուրջ վնասվածքներ չունի, վնասվել են ձեռքերը։ Մտադիր է շուտով վերադառնալ և միանալ հավաքված քաղաքացիներին։

15:53 – Այս պահին ոստիկանները հակագազով են, դեռ պարզ չի, թե ինչ գործողությունների են պատրաստվում:

15:48 – Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է հիվանդանոց` ձեռքերի և դեմքի հատվածում վնասվածքներ ստանալու պատճառով:

15։39 – Քաղաքացիներից մեկը ոստիկանների հետ բախման արդյունքում վնասվածք է ստացել, նրան օգնություն են ցուցաբերում։

15։26 – Ոստիկանները գազ են բաց թողել։ Ոստիկաններին հաջողվեց որոշ չափով հետ մղել։ Օդում կրակոցներ են լսվում։

15:20 – Քաղաքացիները, ձեռքները բարձրացրած, ճեղքեցին Բաղրամյան պողոտայի սկզբնամասի ոստիկանական պատնեշի առաջին շարքը։ ՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ փոքր ինչ քաոսային վիճակ է։ Վերևում կա փշալար։ Ոստիկանական ուժերը նորից են փորձում կանգնեցնել քաղաքացիներին։ Ցուցարարները վանկարկում են՝ «ոստիկան, միացիր»։

15։14 – Օսիպյանն ասում է, որ կարող են թույլ տալ պատգամավորներին անցնել պատնեշը, սակայն մյուսներին չեն կարող թույլ տալ։

15։12 – «Ո՞վ է այսօր ինձ մոտ ընդունելության»,- քաղաքացիներին հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը։ Հազարավոր ներկաներ բարձրացրին ձեռքերը։ Փաշինյանը խոսում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

15։10 – Փաշինյանը ցույց է տալիս իրենց պատգամավորական մանդատները, ասում, որ այսօր Ազգային ժողովում ինքն ընդունելու է հազարավոր քաղաքացիների։

15։04 – Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև պատգամավորներ Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը քայլելով՝ քաղաքացիների ուղեկցությամբ, շարժվում են դեպի Ազգային ժողով, ինչպես իրենք են ասում՝ իրենց աշխատավայր։

14։58 – Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիների ուղեկցությամբ պատրաստվում է գնալ իր աշխատավայր՝ Ազգային ժողով։ Ազգային ժողովը, մինչդեռ, Բաղրամյան պողոտայի կողմից փակված է ոստիկանական պատնեշով։ Փաշինյանը կրկին շեշտեց, որ իրենց ցույցը բացառապես խաղաղ է, իրենք բացառելու են որևէ բռնություն։ «Եթե որևէ մեկը կսադրի ոստիկաններին, տեղում չեզոքացրեք»,- հավաքվածներին կոչ արեց նա։

14:50 – Ոստիկանության հաղորդագրությունը․

«ՀՀ ոստիկանությունում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական և բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը: Շարունակվում է սահմանափակվել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Նման իրավիճակը հանգեցրել է այլ անձանց հիմնական իրավունքների և հանրության շահերի սահմանափակմանը:

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե գնահատի, որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին՝ անվերապահորեն կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հավաքի կազմակերպչի պարտականությունները, մասնավորապես՝ դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը:»։

14։44 – Բողոքի ակցիաներ են սկսվել Վանաձորում, հաղորդում է Ազատությունը։

Ցուցարարները Վանաձորի գլխավոր փողոցի երկայնքով նախ փոքրիկ ավտոերթ են իրականացրել։ Վանաձորի Մանկավարժական համալսարանի, Թատերական ինստիտուտի, Երաժշտական ուսումնարանի և Տարածաշրջանային քոլեջի որոշ ուսանողներն էլ դասադուլ են սկսել։

14:09 – Գյումրիում շրջափակված է Շիրակի մարզպետարանի շենքը, հաղորդում է ԳԱԼԱ հեռուստատեսությունը։

Գյումրիում փակ է Շիրակի մարզպետարան տանող ճանապարհը՝ Գ. Նժդեհ փողոցը, ի աջակցություն Երեւանում տեղի ունեցող զարգացումների: Այս պահին քաղաքացիներ են հավաքվում Շիրակի մարզպետարանի դիմաց: Ոստիկանները այլընտրանքային ճանապարհ են բացել, որից օգտվում են վարորդները:

13։30 – Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում կոչ արեց, որ բոլոր նրանք, ովքեր խաչմերուկներ են փակել, թողնել և գալ հրապարակ։

13:25 – Երևանի քաղաքապետարանը կոչ է արել հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից, ինչպես նաև հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելուց:

13:18 – Ազգային ժողովում Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունների համատեղ նիստում միաձայն որոշվել է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

13։04 – ԱԺ հատուկ նիստը կանցկացվի Ազգային ժողովի շենքում, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Մենք մեր բնական գործընթացը պետք շարունակենք։ Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում, հատուկ նիստը կկայանա, և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը։ Աղբյուրը՝ Tert.am:

13։02 – Վանաձորում ուսանողները նույնպես դասադուլ են սկսել։

12:54 – Երթը մոտեցել է Պարոնյան փողոցի սկզբնամասին։ Ոստիկանական հոծ շարքը փակել է փողոցը։ Այս փողոցը տանում է դեպի Սերժ Սարգսյանի կեցավայր։

12։40 – Միչիգանի համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Սանջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանում փողոց է դուրս եկել նոր սերունդը․ «Բողոքող զանգուածին մէջ չկայ 1988ի յայտնի դէմքերէն եւ ո՛չ մէկը։ Սա երիտասարդութիւն է, որ մեծ մասամբ ծնած է 1988էն ետք, նոյնիսկ՝ 21 Սեպտեմբեր 1991էն ետք։ Այսօրուան իշխանաւորները իբրեւ ինքնարդարացում այլեւս ասոնց չեն կրնան հակադարձել յիշեցնելով ՀՀՇ-ի, Տէր Պետրոսեանի, Վանոյի ու Վազգէն Սարգսեանի իրաւացի ու թուացեալ մեղքերն ու թերութիւնները։ Այս սերունդին հետ չեն կրնար խօսիլ սովորական դարձած այս համեմատութիւններով։ Այս սերունդը իրաւունք ունի պահանջելու ժողովրդավարական սկզբունքներու անշեղ կատարումը։ Իր «անցեալը» մաքուր է…»։

12։26 – Բախում քաղաքացիների և ոստիկանների միջև։ Ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին անցնել Հաղթանակի կամրջով։ «Ոստիկանների նկատմամբ լինել ծայրահեղ հարգալից»,- հայտարարեց Փաշինյանը։

12։04 – Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Իզվեստիա թերթին և ասել, որ պատրաստ է իր վրա վերցնել վարչապետ լինելու պատասխանատվությունը։ Քաշքշուկը հարթվեց, Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց ոստիկաններից նրանց լարված ծառայության դրդելու համար։

12։02 – Երթի մասնակիցները փակեցին Մանկավարժականի մոտից դեպի Կրկես ձգվող թունելը։

12։00 – Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ի հայտարարությունը․

«2018 թվականի ապրիլի 15-ին առավոտյան 10:15-ի սահմաններում Կորյուն-Չարենց փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա իրականացնող ուսանողների վրա հարձակում գործեցին 62 ss 465 համարանիշներով սև ավտոմեքենայի ուղևորներ։ Քաղաքացիական հագուստով անձիք ծեծի ենթարկեցին ակցիայի մասնակից ուսանողներին։ Միջադեպին ներկա ոստիկանները ներկա լինելով ծեծին իրականացրեցին անգործություն և չիրականացրեցին միջամտող ոչ մի գործողություն, թույլ տալով հանցագործություն իրականացրած անձանց ծեծից հետո հեռանալ դեպքի վայրից, վրաերթի ենթարկելով ուսանողներին։

Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերով արձանագրվել է միջադեպը։

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը կոչ է անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել և քրեական հետապնդում իրականացնել հանցագործություն իրականացրած անձանց հանդեպ»։

11։56 – Փաշինյանը և կողմնակիցները դուրս եկան Մանկավարժական համալսարանի շենքից։ Այժմ Ռոսիա կինոթատրոնի մոտ են։

11։54 – Հետքը հաղորդում է, որ Օրբելի-Բաղրամյան խաչմերուկը փակ է․ Ոստիկանական մեքենայի մեջ պահվում են մի քանի քաղաքացի, տեղում գտնվող ոստիկանները ոչ մի մեկնաբանություն չեն տալիս, թե ինչու են քաղաքացիներին պահում մեքենայի մեջ և ինչ կարգավիճակով։ Ի նշան բողոքի՝ ցուցարարները աղբամաններով փակեցին նաև պողոտայի մյուս մասը։

11:48 – Ոստիկանները շրջապատել են կառավարության շենքը Հանրապետության հրապարակում։

11:40 – Երթը մտել է Մանկավարժական համալսարան։ Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին կոչ է անում զգույշ լինել և հանկարծ վնաս չտալ համալսարանին։ Վանկարկում են՝ դասադուլ։

11։34 – ՀՅԴ անդամ, պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող խոչընդոտել Ազգային ժողովի նիստը։

11։30 – Երթը Խանջյանով իջնում է ներքև, դեպի Մանկավարժական համալսարան։ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գալ Ֆրանսիայի հրապարակ և Ազատության հրապարակ։ Քաղաքացիները վանկարկում են՝ «Քայլ արա, մերժիր Սերժին», «Միացեք», «Տասը տարին բոլ ա, բռնապետ»։

11։25 – Նիկոլ Փաշինյանը Խանջյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե հանկարծ Ազգային ժողովը նիստը հետաձգի կամ տեղափոխի Երևանից դուրս, դա կլինի շարժմանը ձեռնտու։ Փաշինյանը նաև ասաց, որ եթե նույնիսկ շարժման նկատմամբ բռնություն գործադրեն, իրենց բռնությանը բռնությամբ չեն պատասխանելու։ Փաշինյանը ասաց նաև, որ պարզել են այն անձանց ինքնությունը, ովքեր ավելի վաղ հարձակվել և վնասվածքներ են հասցրել դասադուլ անող ուսանողներին։

11։12 – Ոստիկանության հաղորդագրությունը․

«Այսօր առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:
ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ:

ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում»:

11։10 – Արգելափակված է Հաղթանակի կամուրջը։ ՍիվիլՆեթի թղթակից Ալինա Նիկողոսյանը հաղորդում է, որ ոստիկանությունը փակել է Ավանից դեպի Նորքի զանգված կամուրջը։

11։00 – Լարված իրավիճակ Կիևյան կամրջի վրա։

10։50 – Աբովյան-Հերացի խաչմերուկում տեղի ունեցավ բախում քաղաքացիների և ոստիկանների միջև։ Քաղաքացիները կարողացան ճեղքել ոստիկանների պատնեշը և շարժվել։ Նիկոլ Փաշինյանն է այստեղ և շարժվում է երթի առջևից։ Նրանք Նալբանդյան փողոցով իջնում են։ Այժմ Սախարովի հրապարակի մոտ են։

10։30 – Ազատությունը հաղորդում է, որ Օրբելի-Բաղրամյան խաչմերուկից մեկ տասնյակ ակտիվիստներ բերման ենթարկվեցին։

10։20 – ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը հաղորդում է, որ ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարան՝ ասելով, որ մետրոնի չի գործում։ Դիտեք ՍիվիլՆեթի ֆոտոշարքը առավոտյան արգելափակված Երևանի կենտրոնից։

10։00 – Երևանի քաղաքապետարանը հաղորդեց, որ գնացքները կանգառ չեն կատարելու Մետրոյի Բաղրամյան կայարանում։

9։10 – Նիկոլ Փաշինյանը շարժվում է դեպի ԱԺ շենք, ճանապարհին հանդիպում ոստիկանական պատնեշին։ Քիչ անց նաև վերադառնում է Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, նստած ասուլիս տալիս։

9։00 – Արգելափակվել են Երևանի կենտրոն եկող հիմնական փողոցները՝ Բաղրամյան, Մաշտոցի, Սայաթ-Նովա, Թումանյան, Մոսկովյան, Տերյան, Իսահակյան և այլն։

8:15 – Նիկոլ Փաշինյանը և կողմնակիցները շարժվեցին դեպի Մոսկովյան/Սարյան խաչմերուկ, նստեցին փողոցի մեջտեղում և արգելափակեցին երթևեկությունը։ Շրջանայինի մոտ ուսանողներն սկսեցին բողոքի ակցիա և դասադուլ։

Մեկնաբանել