LIVE Blog․ Երևանյան ցույցերը, ապրիլի 17

ՍիվիլՆեթը ուղիղ տեսաեթերով և տեքստային թարմացումներով շարունակում է լուսաբանել բողոքի ցույցերը Երևանում։ Ապրիլի 16-ի իրադարձությունները՝ այստեղ։ Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 16-ի երեկոյան հանրահավաքին կոչ արեց ապրիլի 17-ի վաղ առավատվանից կրկին փակել Երևանի փողոցները, կամուրջները և շարժվել դեպի Ազգային ժողովի շենք։ Ազգային ժողովն այսօր հատուկ նիստում պետք է ընտրի հանրապետության նոր վարչապետին։

21։30

Մենք արժանի ենք մեր տներում քնելու։ Այսօր գնում ենք մեր տներում քնելու․ Նիկոլ Փաշինյան

21։20

Փաշինյանը հայտարարում է, որ երթ են սկսելու այսօր։

21:10

Եթե այսօր կաթվածահար արեցինք կենտրոնը, վաղը պետք է անենք ամբողջ Երևանը՝ բոլոր փողոցները․ Նիկոլ Փաշինյան

21։05

Վաղը սկսվում է պետական գերատեսչությունների շրջափակման երրորդ փուլը․ Նիկոլ Փաշինյան

21։00

Առաջիկա օրերին կձևավորենք թավշյա հեղափոխության կոմիտե, որը կղեկավարի այս շարժումը․ Նիկոլ Փաշինյան

20։55

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը»վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով եւ հազարավոր ցուցարների բողոքի ներքո:

Հերթական անգամ ստեղծված լարվածության գլխավոր պատճառը՝ Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով սեփական իշխանության երկարաձգման ծրագիրն է, որի իրականացման նպատակով կեղծվեցին 2015թ-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները, եւ որը Հայաստանի ժողովրդի կողմից արդարացիորեն ընկալվում է որպես բռնապետությունը հավերժացնելու անթաքույց փորձ:

Այսպիսով, Հայաստանում չի կտրվում ժողովրդի ազատ կամարտահայտության մերժմամբ ոչ լեգիտիմ իշխանության ձեւավորման արատավոր շղթան, ինչը վտանգում է երկրի զարգացման որեւէ հեռանկար: Պետական ինստիտուտները, այսպիսով, չեն ստանում ժողովրդի վստահությունը, հաշվետու չեն նրա առջեւ եւ ազգային շահերը սպասարկելու փոխարեն շարունակում են ծառայել մի խումբ մարդկանց հարստացման նպատակին: Արդյունքում չի դադարում արտագաղթը, չի հաղթահարվում աղքատությունը, թուլանում է երկրի պաշտպանունակությունը, ինչը հատկապես վտանգավոր է արտաքին ծանրագույն մարտահրավերների պայմաններում:

Նման պայմաններում բնական է հանրության եւ հատկապես երիտասարդության ընդվզումը, ով որեւէ հեռանկար չի տեսնում իր ապագայի համար:

Այս վիճակում պահանջում ենք իշխանություններից գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող խաղաղ ակցիաների մասնակցների նկատմամբ ապօրինի բռնություններից եւ հալածանքներից, հարգել քաղաքացիների ազատությունները: Կոնգրեսը անթույլատրելի է համարում նաեւ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մասնավորապես քաղաքացիների կյանքի եւ առողջության համար բեկորային վնասվածքներ առաջացնելու իրենց վտանգավորությունը ապացուցած ձայնային նռնակների օգտագործումը:

Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը եւ պայքարը հանուն ժողովրդավարության հետեւողականորեն շարունակվելու է մինչեւ վերջնական հաղթանակ:

20։48

Վերջին անգամ հրապարակը այսքան լեփ-լեցուն է եղել System of a Down-ի համերգի ժամանակ։

20։45

Վաղվա գործողությունները սկսենք ժամը 10։00-ից՝ Ֆրանսիայի հրապարակից․ Նիկոլ Փաշինյան

20։40

Պետական կառավարման համակարգը կաթվածահար անելու մեր աշխատանքը հասել է արդյունքի։

«Մենք պետք է շրջափակենք մայրուղիները, շենքերը»։

Ես չեմ ուզում ձեզ ցույց տալ՝ ինչպես դա անել։ Դուք եք տերը այս երկրի։

20:25

Ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ։

Ինձ զանգում են Սփյուռքից՝ լացակումաց ու ասում են՝ մի ասեք, որ սա շարժում է Սերժ Սարգսյանի դեմ, որովհետև սա հայ ժողովրդի երկրորդ զարթոնքն է։

Ուղիղ միացումը՝ այստեղ։

20:15

Ելույթ է ունենում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Մենք չենք հաղթել, որ մեր երկրում ապրենք տառապյալի, հնազանդի կարգավիճակով»,- հայտարարում է Միքայելյանը։

20:00

Հանրապետության հրապարակում այս պահին հավաքվածների թիվը հասնում է մի քանի հազարի։

19։55

Հանրահավաքը շարունակվում է, ցուցարարները պահանջում են, որ ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանը։

19:40

Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու առթիվ շնորհավորեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

19:35

Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը՝ ԱԺ-ում ռումբի մասին կեղծ ահազանգի վերաբերյալ

«2018թ. ապրիլի 17-ին, ժամը 12:36-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ` «ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից` Բաքու քաղաքում 1984թ. ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ հայ Կ.Գ-ի կողմից:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված անձի վերաբերյալ պարզված տվյալները փոխանցվել են ՀՀ ոստիկանություն` նշված անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև փաստի մասին ԳԴՀ իրավապահ մարմիններին իրազեկելու նպատակով»:

19:30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին։

18:30

Հանրապետության հրապարակում մեկնարկում է հանրահավաքը։

18:10

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն «Ազատության» հարցմանը ի պատասխան մեկնաբանել է բողոքի շարժումը՝ նշելով, որ ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը «ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է»:

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար: Միևնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը: Մեր երկրի անվտանգությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն: Եվ, իհարկե, կրկին անգամ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչև ոստիկան, թանկ է բոլորիս համար», – ասել է Արմեն Սարգսյանը:

17:55

Ոստիկանության հաղորդագրությունը

«ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում, հատկապես, երբ առկա է հավաքը դադարեցնելու մասին իրազեկված որոշում, առկա են Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավաչափ հիմքերը ոչ միայն հավաքը ցրելու, այլ շարունակվող հանցավոր գործողությունները կասեցնելու և խափանելու համար:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարբեր մարզերում և քաղաքներում իրականացվող լայնամասշտաբ գործողությունների, հեղափոխական իրավիճակի, լարվածության կամ անկայունության վերաբերյալ տարածվող լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և որևէ աղերս չունեն իրականության հետ, ուստի կոչ է անում հավաքի մասնակիցներին և ԶԼՄ-ներին՝ ձեռնպահ մնալ նման և այլ սադրիչ վարքագիծ դրսևորելուց:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող և իրավաչափ բոլոր միջոցները՝ պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու և դրանցում իրենց պարտականությունները կատարող անձանց իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելու համար»:

17:50

Արաբկիրի ոստիակնության բաժանմունք բերման ենթարկված քաղաքացիներից մի քանիսը ազատ արձակվեցին։

17։10

ՄԻՊ հայտարարությունը

Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցելություններից
պարզ են դարձել տեղեկություններ, որ մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված
ժամից ավելի։ Միջոցներ են ձեռնարկվում նրանց պահելու հիմքերը պարզելու և դրա հիման վրա իրավական անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։

17։05

Հանգուցալուծումը պետք է լինի քաղաքացիական անհնազանդությունը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

16:55

Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ

Ազգային ժողովը ձայների 77 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ:

Որ պատգամավորներն են դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ այստեղ։

16։30

Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԱԺ-ում։ Նա ասում է՝ իր հնարավոր վարչապետությունը լինելու է իրականում ոչ թե երրորդ ժամկետը, այլ չորրորդ, քանի որ անցյալում ինքն արդեն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։

16։10

ՍիվիլՆեթը զրուցեց փաստաբան Արա Ղարագյոզյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ փաստաբան Հայարփի Սարգսյանի հետ գտնվում է Արաբկիր ոստիկանության բաժանմունքում։ Այնտեղ գտնվում է 13-15 բերման ենթարկված անձ, թեև նրանց պետք է բաց թողներին երեք ժամ անց, սակայն արդեն հինգ ժամ անցել է, և նրանք դեռ ոստիկանությունում են։ Ղարագյոզյանի խոսքով՝ ոստիկանները պատճառաբանում են, որ թղթերի են սպասում, սակայն հասկանալի չէ՝ ինչ թղթերի մասին է խոսքը։

Նոր նորքի ոստիկանության բաժանմունքում գտնվում է ուսանող Դավիթ Պետրոսյանը, որին նույնպես արդեն 5 ժամ է՝ պահում են բաժանմունքում։

16:00

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը կեսօրին բերման էր ենթարկվել ոստիկանական բաժին, ազատ է արձակվել, փոխանցել է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

14:35

Դասադուլ՝ Իջևանում

14։30

Ազգային ժողովում ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցույթան պատգամավոր Արամ Սարգսյանը

«Կարծես թե Հայաստանն այս դահլիճն է ու այս դահլիճից դուրս Հայաստան չկա»,- այսօր Ազգային ժողովում, դիմելով ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին, ասաց ։ «Անվտանգության պատերը դրված են հենց հիմա՝ էս շենքի դիմաց»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նկատի ունենալով խորհրդրանի շենքի դիմաց ոստիկանական պատնեշներն ու փշալարերը։

14:25

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ իրենց բոլոր գործողությունները թափանցիկ են։

«Շատ հզոր ալիք կա, կարծում եմ՝ այս ալիքը նման է 88-ի ալիքին, որովհետև մարդիկ փոփոխություն են ուզում։ Այս ալիքի դեմն առնել հնարավոր չի լինի։ Մենք պետք է աշխատենք ցանցային՝ տարբեր տեղերում»,- ասաց Գրիգորյանը։

Մեծ առավելություն ունենք ոստիկանության հանդեպ, երբ աշխատում ենք ցանցային, ասաց Գրիգորյանը։

14:00

Ցուցարարները շարունակում են արգելափակել գերատեսչությունները՝ փորձելով կաթվածահար անել դրանց աշխատանքը։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մարդիկ մարզերից գալիս են՝ միանալու շարժմանը։

13։37

Սերժ Սարգսյանի հետ հարցուպատասխանն ԱԺ-ում ավարտվեց։ Պատգամավորները հերթագրվեցին մտքերի փոխանակության համար։ Հերթագրվել է տասը պատգամավոր։

13:30

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր՝ 18։30, մեծ հանրահավաք է լինելու Հանրապետության հրապարակում։

13:20

Կառավարական շենքեր երթի մասնակիցների կողմից շրջափակելուն զուգահեռ ցուցարարների մեկ այլ խումբ շարժվում է դեպի Հաղթանակի կամուրջ։

13։00

Ցուցարարները շրջապատում են կառավարական շենքերը։

12:55

Ցուցարարները փակում են Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկը: Նրանք տեղակայվել են գլխավոր դատախազության շենքի մոտ՝ իջեցնելով կայանված մեքենաների անիվները։

12:50

Այսօր ժամը 12:30-ի դրությամբ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ վարչական իրավախախտում կատարելու համար բերվել են 59 քաղաքացիներ, «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանությունից:

12:35

Ոստիկանությունը բերման է ենթարկել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ «Տեղեկությունը նոր եմ ստացել, երևի բերման են ենթարկել փողոց փակելու համար», – ասաց Փաշինյանի կինը։

12:20

Սերժ Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում

«Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի»,- հայտարարեց նա։

«Վարչապետը խորհրդարանական կառավարման համակարգում չի կարող համեմատվել կիսանախագահական համակարգում նախագահի հետ։ Վարչապետը մշտապես խորհրդարանական վերահսկողության տակ է»։

«Կառավարման խորհրդարանական ձևի պայմաններում՝ կառավարությունը պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև»։

Սերժ Սարգսյանը գովում է կառավարման խորհրդարանական ձևը․ «Կառավարման խորհրդարանական ձևը աչքի է ընկնում ապաանձնավորվածությամբ»։

«Չունենալով որևէ պաշտոն՝ իշխող կուսակցության ղեկավարը կարող է կառավարում իրականացնել։ Դա կլինի խուսափում պատասխանատվությունից»։

«Ինձ՝ որպես ՀՀԿ ղեկավար, փախուստը անձնական պատասխանատվությունից անընդունելի է»։

«Այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ ՀՀ նախագահը։ Այս ամբիոնից ելույթ է ունենում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը»։

12:20

Հայաստանում հաստատված է հեղափոպական իրավիճակ։ Հայատարարում եմ ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկը․ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը

Նա պատմեց հայաստանյան քաղաքներում ծավալվող բողոքի մասին՝ Գյումրի, Կապան, Իջևան, Մեծամոր, Վանաձոր և այլն։

Իշխանությունը պետք է անցնի ժողովրդի ձեռքը։

Մենք պետք է սկսենք ցանցային պայքար, և Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ չունի կառավարելու Հայաստան։

Կեցցե՛ ժողովրդական թավշյա հեղափոխությունը, Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Սա շենքերի շրջափակման զանգվածային, ոչ բռնի գործողություն է։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երթով կշարժվեն դեպի պետական կառույցների շենքեր։

12:15

Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտնեց որ իրենց հրահանգված է ազատ ընտրել, ասաց, որ ինքը դեմ է քվեարկելու: ԱԺ-ում չէ Գագիկ Ծառուկյանը, ԵԼՔ-ից դահլիճում է միայն Զեյնալյանը:

12:03 Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում

Այսօր պատմական օր է։ Այսօր ընտրվելու կառավարման խորհրդարանական համակարգի վարչապետ։

12:00

ԱԺ հատուկ նիստը մեկնարկեց։

11։35

ՄԻՊ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ
արձագանքման խմբերն իրականացնում են այցեր ՀՀ ոստիկանության բաժիններ։ Այս պահի դրությամբ այցերն իրականացվել են Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի, Արաբկիրի, Շենգավիթի, Մաշտոցի, Էրեբունու բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների երաշխավորման նպատակով։ Հատուկ ուշադրություն է դարձվում նրանց բերման ենթարկելու հիմքերին։

11։30

Նիկոլ Փաշինյան․ Գյումրիում, Չարենցավանում, Իջևանում, Կապանում, Մեծամորում դասադուլներ, բողոքի ակցիաներ են սկսվել։

11:20 – Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հերթական անգամ բողոքի ակցիա է անցկացրել՝ պառկելով Դեմիրճյան – Պռոշյան խաչմերուկում՝ ոստիկանների արգելապատնեշի մոտ:

11։05 – Ճիշտ էի, թե ճիշտ չէի, ժամանակը ցույց կտա․ ԵԼՔ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյան

Պատգամավորն ասել է, որ իր տեղեկությամբ՝ բոլոր Հանրապետականները Ազգային ժողովում են, նիստը գումարվելու է։

11:00 – Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը Ամիրյան փողոցի վրա է։

10։35 – Երևանի տարբեր մասերից հեռացվում են նստարաններն ու աղբամանները՝ կանխելու համար ցուցարարների կողմից փողոցների արգելափակումը։

10։30 – ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:

10։25 – Ժամը 12։00-ին, ըստ հաղորդագրությունների, Սերժ Սարգսյանը կգնա ԱԺ։

10:15 – Հավաքի մասնակիցները պետք է գործեն այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով. ՄԻՊ

10։10 – Նիկոլ Փաշինյանը իր համակիրների հետ քայլում է Նար-Դոս փողոցով

10:05 – Այսօր` ժամը 9։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

9։48 – Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհը փակվել է, բայց քաղաքացիները, այդ թվում դպրոցականներ, ոտքով շարժվում են դեպի Երևան։

9:42 – Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի պաշտոնում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սերժ Սարգսյանին։ Նա գրում է, որ Սարգսյանն ուներ երկու ժամկետ հասարակության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար, ու թեև հնարավոր է՝ նա արել է հնարավորը, սակայն հասարակական կարծիքը չի ընդունում այս իրականությունը։

9։29 – Քայլերթը շարունակվում է Մաշտոցի պողոտայով։

9։20- Երթի մասնակիցները քայլելով հասան Ֆրանսիայի հրապարակ։ Փաշինյանը կոչ է անում հրապարակում չմնալ, այլ հետևել երթին։ Երթը շարունակվում է։ «Ամբողջ Երևանը հրապարակ ա, որտեղ ուզենք, կհավաքվենք»․ Փաշինյանն ասում է, որ պետք է շարժման մեջ լինեն, որ ոստիկանները չկարողանան բերման ենթարկել։ Ըստ նրա՝ մոտ 30 հոգի է բերման ենթարկվել։ «Գնում ենք ամենաանկանխատեսելի երթուղիներով»,- սա է մեր տակտիկան։

9։00 – Քաղաքացիները՝ Փաշինյանի ղեկավարությամբ, Կորյունի փողոցից թեքվեցին և Տերյան փողոցով իջնում են։

8:50 – Տերյան-Մոսկովյան խաչմերուկից հանվում և բեռնատարով տեղափոխվում են նստարաններն ու աղբամանները։

8:42 – Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը բերման է ենթարկվել, նա Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում է։ Պետրոսյանն այդ մասին գրել է Ֆեյսբուքում։

8։33 – Ավտոբուսները ստիպված էին դադրեցնել շարժը։ Մարդիկ դուրս եկան ավտոբուսներից։ Նրանցից ոմանք ասում են, որ պատրաստ են միանալ հավաքին։

8:29 – Նիկոլ Փաշինյանը և քաղաքացիները նստեցին Աբովյան փողոցի մեջտեղում՝ փակելով Աբովյան-Իսահակյան խաչմերուկը։ Այս հատվածից է, որ ոստիկանները բերման են ենթարկել երկու տասնյակ երիտասարդներին, որոնք փակել էին երթևեկությունը։

8։24 – «Ես բոլոր ոստիկաններին կոչ եմ անում չպաշտպանել Հայաստանի ադրբեջանացումը։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե Արևմտյան Ադրբեջանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

8։20 – ՍիվիլՆեթի թղթակից Անի Գրիգորյանը հաղորդում է, որ երթը գնում է դեպի Կորյուն-Աբովյան խաչմերուկ։ Նա ասում է, որ մոտ երկու տասնյակ ցուցարար ուսանողներ են բերման ենթարկվել ոստիկանության կողմից։ ՍիվիլՆեթի ուղիղ եթերում Փաշինյանը կոչ է անում փակել ոչ միայն Երևանի փողոցները, այլև միջպետական մայրուղիները։

8:15 – Փաշինյանը և քաղաքացիները շարժվում են դեպի Շրջանային, որտեղ ուսանողները դասադուլ են հայտարարել և ցույց են անում։ Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նա Փաշինյանին հիշեցնում է ոստիկանության որոշման մասին և զգուշացնում է դադարեցնել հավաքները։

8։10 – Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Փաշինյանին փոխանցեց ոստիկանության ծանուցումը հավաքները դադարեցնելու մասին։ Փաշինյանը պատռեց ծանուցումը և կտոր-կտոր դեն նետեց։

8:00-ի դրությամբ փակ են Թումանյան-Մաշտոց, Թումանան-Սարյան, Թումանյան- Աբովյան խաչմերուկները։ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիական անհնազանդության ցանցաձև գործողությունների դիմել։

8:00 – Մաշտոցի պողոտայի հատվածից ոստիկանները բերման են ենթարկել հինգ-վեց երիտասարդների։ Թումանյան-Մաշտոց խաչմերուկ է եկել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում տոտալ շրջափակել, նաև պետական գերատեսչությունները, նախարարությունները , հարկային տեսչություններ, ԴԱՀԿ, և այլն ու թույլ չտան, որ պետական աշխատողները այսօր գնան գործի․ «Մտնել պետական գերատեսչությունների շենքեր և ներսում սկսել նստացույց։ Որևէ գույք չվնասել, որևէ մարդու նկատմամբ որևէ բռնություն չգործադրել։ Կոչ եմ անում Սփյուռքի մեր հայրենակիցներին շրջափակել դեսպանատների շենքերը»։ Փաշինյանը կոչ արեց նաև փակել Ազգային ժողովը՝ բոլոր կողմերից։ «Դեռ գործողության ժամը չէ, բայց արդեն փակ փողոցներ կան»,- ասաց Փաշինյանը։

7։50 – Քաղաքացիները ընդհարում ունեցան ոստիկանների հետ, երբ նրանք փորձում էին փակել երթևեկությունը Սարյան-Թումանյան խաչմերուկում։

2։30 – Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, Նիկոլ Փաշինյանից պահանջելով դադարեցնել հավաքները։

«Ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից կատարել այն, այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին: Պարզաբանում ենք, որ օրենքի նշված հոդվածի համաձայն՝ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։ Վերոգրյալից ելնելով՝ նախազգուշացնում ենք հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»:

Մեկնաբանել