Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, բանակցել և լուծումներ գտնել․ Կարեն Կարապետյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին և  երկխոսության կոչ արել: «Արմենիա» հառուստաընկերությանը տված հարցազրույցում գնահատելով ստեղծված իրավիճակը` Կարեն Կարապետյանը նշել է.

«Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը, ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եւ բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ: 

Երկրորդը, ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր և համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան և կամքը կարելի է և պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք և պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը: 

Երրորդը, այսօր մենք ձևավորում ենք պառլամենտական նոր համակարգ, որը պետք է մաքսիմալ օգտագործենք և ձևավորենք ռեգուլյար գործող հարթակ, որտեղ լինեն քաղաքական բանավեճեր, քննարկվենկնճռոտ հարցեր և խոսեն ու բանակցեն անընդհատ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները և նեղվածությունն արտահայտել: Եվ պարտավորենք այդ հարթակը օգտագործել: 

Չորրորդը, անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս, ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը»: 

Հարցին՝ ինքը պատրա՞ստ է որևէ կերպ հանդես գալ նախաձեռնությամբ կամ միանալ որևէ հարթակի, որովհետև դրա մասին ակնարկել է և առաջինը նախագահը իր հայտարարության մեջ և Դաշնակցությունը՝առաջարկելով քաղաքական երկխոսություն սկսել, Կարեն Կարապետյանը նշել է՝ «այո»:

Մյուս հարցին` սա կարելի՞ է համարել որպես առաջարկ այն մարդկանց, ովքեր հրապարակում են, ՀՀ առաջին փոխվարչապետն ասել է. «Այո, ես այդպես էլ ձևակերպել եմ, ես առաջարկում եմ»:

Լրագրողը նկատել է, որ կառավարությունը և իշխանությունն առաջարկում են որոշակի երկխոսություն, հանրահավաքի մասնակիցները կողմնակից են «թավշյա հեղափոխության», ու ինչ-որ մի կետում դրանք պետք է հատվեն և Կարեն Կարապետյանի հետաքրքրվել` ո՞րն է լինելու այդ կետը, ո՞րն է լինելու այն սկիզբը, որից հետո հնարավոր է արդեն ոչ թե երկու տարբեր աշխարհներում ապրել, այլ ինչ-որ մի տեղ հանդիպել: «Դա կարող է հենց հիմա լինել, եթե մենք ռացիոնալ ու պրագմատիկ մտածենք: Ես, ճիշտն ասած, շատ մեծ հույս ունեմ, որ մեր ազգը պրագմատիկ, ռացիոնալ լինելով, վտանգի զգացողություն ունենալով, որովհետև կյանքն է այդպես ստիպել, սթափ մտածելու է և հասկանալու է, որ հեռանկարային չի սա: Մենք ռեպուտացիոն կորուստներ ենք ունենում, մենք կանխատեսելի երկիր չենք ընկալվում, և դա բերելու է հետևանքների: Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք և սկսենք երկխոսությունը: Ինչի՞ պետք է ինչ-որ պահի սպասենք»,- ասել է ՀՀ առաջին փոխվարչապետը:

Ճշտող հարցին` ինչի՞ շուրջ, նա նշել է. «Ինչպես այս իրավիճակից դուրս գալ: Լսենք հուզող հարցերը, տանք առաջարկեր, բարձրացնենք բոլոր կնճռոտ հարցերը և համարձակ խոսենք դրա մասին»: