Կարեն Կարապետյանը խոսել է վարչապետի ընտրության մասին

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը և բացատրել, թե ինչու չէր գնացել Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա բանակցությանը։

Այսօր ժամը 12։00-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանցում Կարեն Կարապետյանին հրավիրել էր բաց՝ լրագրողների ներկայությամբ բանակցությունների։ Կարապետյանը մերժել էր հրավերը։

Ապրիլի 27-ի հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ կամ ինքը կլինի վարչապետ կամ Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք չի լինի վարչապեը: Նա նաև ասել էր, որ եթե ինքը չլինի վարչապետ, ճգնաժամը կխորանա:

«Ես ուզում եմ անպայման լսված լինի իմ ասածը: Ասվում է՝ բանակցությունների ժամանակ իմ օրակարգն է, այլ օրակարգ չկա, միակ վարչապետը ես եմ, կամ ոչ մեկը… Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, բազմակարծության մասին, մեկս մյուսին լսելու մասին, հանդուրժողականության մասին, Սահմանադրության, պառլամենտական երկրի մասին. սա մոնոպոլիայի է նման, քաղաքական դաշտի մոնոպոլիայի: Հետո՝ ասվում է, ես վարչապետի թեկնածու եմ: Ես իրականում շատ խոր հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք իրենց անվստահությունը, անհամաձայնությունը, դժգոհությունն են արտահայտում, և որ խաղաղ է անցնում ամեն ինչ, փառք Աստծո, ու հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի:

Մենք պետք է ձևավորենք այդ քաղաքական մշակույթը, որ մեկս մյուսին լսենք: Հիմա մի տեղում հավաքված մեր քաղաքացիներն ասում են վարչապետն այսինչն է, մեկ այլ տեղում հավաքված մեր ժողովուրդը, քաղաքացիներն էլ եթե ասեն վարչապետն այսինչն է, ինչպե՞ս ենք ընտրելու՝ ո՞րն է վարչապետը: Այդ իսկ պատճառով կա հարթակ, որտեղ վարչապետն իր ծրագիրը պետք է ներկայացնի: Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանն ունի ծրագիր՝ ինչպիսի երկիր է ուզում կառուցել, ինչ թիրախներ է դնում անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական աճի, սոցիալական, արդարության և այլն, բայց հենց մենք պետք է ընտրենք ծրագիրը:

Մենք չենք ընտրում լավ, բարոյական, հեղինակություն ունեցող մարդու, մենք ընդունում ենք գաղափարը, և ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից, կարող է՝ իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է և ոչ: Կարող է նրանք դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետի ընտրություն տաս՝ ո՞ւմ ես ուզում՝ այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է և, պայմանական եմ ասում, պարոն Փաշինյանը չլինի: Այդ իսկ պատճառով մենք ասում ենք Սահմանադրությունն այդ ամբողջը կանոնակարգել է, դուրս եկեք Ազգային ժողով ձեր ծրագրով, և եթե ունեք այդ քվեն՝ ստացեք այն և դարձեք վարչապետ: Բայց մոնոպոլիզացնել՝ ասել, ես եմ միայն վարչապետը, այլ թեկնածու չկա, բանակցությունների ժամանակ ես եմ օրակարգը թելադրում, դու օրակարգի իրավունք չունես, չեմ կարծում, որ մենք ցանկացել ենք այդպիսի հասարակություն ձևավորել»:

Մեկնաբանել