Կառավարության կազմում օլիգարխներ չեն լինի․ Նիկոլ Փաշինյան

Մայիսի 7-ին Ազգային ժողովի ճեպազրույցներից հետո վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ եթե ինքն ընտրվի վարչապետ, կառավարության կազմում օլիգարխներ չեն լինի։

Կառավարության ապագայի մասին հարցին Փաշինյանը պատասխանեց․ «Օրվա հոգսը բավ է օրվա համար. եկեք օրվա խնդիրները լուծելով գնանք առաջ, որովհետև ռազմավարական խնդիրներն արդեն լուծել ենք»:

Փաշինյանի խոսքով՝ իրենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի պատրաստ են. «Պատրաստ է նաև ժողովուրդը, ես խնդիր երբեք չեմ տեսել»:

Նա կրկնեց իր նախկին հայտարարությունը, որ վենդետա՝ վրեժխնդրություն, չի լինելու․ «Մենք չենք պատրաստվում վենդետաների, Հայաստանում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է: Բոլոր հարցերի պատասխանը հանրությունը կստանա, բայց սիրո և համերաշխության հեղափոխության մթնոլորտը չպետք է խաթարվի․․․ Բայց դա չի նշանակում, որ այն նպատակները` երկրում օրենքի իշխանություն և օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարություն, չեն լուծվելու»: