ԱՄՆ-ը կարող է քննարկել Հազարամյակի մարտահրավեր ծրագրի վերսկսումը Հայաստանում

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն խոստացել է քննարկել Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը Հայաստանի համար։

«Ես կիսում եմ ձեր ոգևորությունը Հայաստանում խաղաղ, սահմանադրական ճանապարհով քաղաքական փոփոխության մասին»,- ասել է նա՝ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանին ուղղված նամակում։

Պետքարտուղարը նշել, որ գնահատում է Հայ դատի հանձնախմբի գաղափարը՝ ֆինանսավորելու գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, արվեստի և մաթեմատիկայի կրթությունը Հայաստանի հանրային դպրոցներում։

«Մենք ողջունում ենք պետքարտուղար Պոմպեոյի խանդավառությունը Հայաստանում խաղաղ, սահմանադրական ճանապարհով անցման վերաբերյալ և անհամբեր սպասում ենք նրա և նրա թիմի հետ աշխատելու մեր երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ,- ասել է Րաֆֆի Համբարյանը։- Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում մեր շարունակական ջանքերի և բավարար կամքի առկայությամբ առաջընթաց կունենանք Հազարամյակի մարտահարվեր կորպորացիայի հետ համաձայնագրի հարցում՝ Հայաստանի հաջորդ սերնդին կրթելու և զորացնելու համար»։

Հազարամյակի մարտահարվեր կորպորացիան Հայաստանում իր ճանապարհաշինական ծրագիրը վերջնական դադարեցրեց 2009թ․՝ 2008թ, մարտմեկյան արյունալի իրադարձություններից հետո։ Կորպորացիան իր որոշումը պայմանավորեց քաղաքական մի շարք ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային այժմ դիմել է Հայաստանի համար 140 միլիոն դոլար ստանալու հայցով։

Մեկնաբանել