Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

Մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ 

«Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այսօր ԱԺ նիստից հետո ես դիմում եմ ներկայացրել ԱԺ ղեկավարությանը իմ լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Արել եմ դա, քանի որ օրենքով սահմանված կարգով այն պարագայում, երբ որևիցե անձ, որը, ենթադրենք, օրինակ՝ իմ պարագայում, ավագանու անդամ լինելով ընտրվել է ԱԺ պատգամավոր, հնարավորություն է ստանում 7 օրվա ընթացքում ուղղել այդ իրավիճակը և ընտրել մանդատներից որևիցէ մեկը»,- նշել է Սիմոնյանը՝ ավելացնելով, որ օրենքով սահմանված 7-օրյա ժամկետը լրանում էր վաղը, սակայն ինքը որոշել է այդ քայլին գնալ այսօր ու նաև այդ որոշման մասին դիմումով տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 

«Ասեմ ձեզ, որ արել եմ այս քայլը հանուն Երևանի, հանուն այն աղավաղված շենքերի, որը մենք ունենք, հանուն այն անօրինական ձևակերպում ստացած մանկապարտեզների, նկուղների, հանուն այն հատված ծառերի, հանուն այն բանի, որ Երևանի քաղաքապետարանում և ընդհանրապես որևիցե տեղ պետք է չունենա կանանց նկատմամբ բռնությունը, հանուն լավ, հանուն մաքուր, հանուն սիրուն, ազատ Երևանի, որը մենք բոլորս շատ ենք սիրում»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը: