Եղնուկյանն ազատ արձակվեց գրավի դիմաց (լրացված)

17:55

Կարո Եղնուկյանը ազատ արձակվեց գրավի դիմաց։ 

«Առաջին հերթին այսօր այցելելու եմ Գարեգին Չուգասզյանին։ Կարող է միանամ նրա հացադուլին՝ նույն պահանջով։ Հեղափոխությունը, ինչպես Չուգասզյանն է ասել, իր մեջ պարունակում է «Բաստիլի քանդում»։ Մեր Թավշյա հեղափոխությունը գնում է այդ ճամփով, բայց կամաց։ Եվ այդ կամաց քանդման ճամփան․․․ մարդկանց համբերությունը էլ չի հերիքում»,- ասաց Եղնուկյանը։

16:43

ՊՊԾ գնդի գրավման քրեական գործի շրջանակներում կալանավորված Կարո Եղնուկյանը կարող է ազատ արձակվել գրավի դիմաց․ տեղեկությունը ՍիվիլՆեթին հաստատեց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը։

Այսօր Հայրապետյանը միջնորդել է Եղնուկյանին ստորագրությամբ ազատ արձակել, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ Եղնուկյանը կարող է ազատ արձակվեկ միայն 10 մլն դրամ գրավի դիմաց։

Տիգրան Հայրապետյանը որոշմանը դեմ է և պատրաստվում է այն բողոքարկել՝ պատճառաբանելով, որ գրավի սահմանաչափը բավականին բարձր է։

Կարո Եղնուկյանի կալանքը սկզբնական շրջանում դատարանը հիմնավորում էր այն հանգամանքով, որ նա «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական ուժի անդամ է, նույն ուժի անդամներն են նաև «Սասնա ծռեր»-ի շատ ներկայացուցիչներ։

Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է 2016թ. հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբին։ Ըստ մեղադրանքի՝ նա «տեղեկություններ, խորհուրդներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով՝ օժանդակել է կազմակերպված խմբին»։