Դադարեցնել դպրոցների և բուհերի՝ քաղաքական-կուսակցական նպատակներով օգտագործումը․ կառավարության ծրագրի նախագիծ

Կառավարությունը հունիսի 1-ին նիստում հաստատեց կառավարության ծրագրի նախագիծը։ Գլուխներից մեկը՝ «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի» վերնագրով, անդրադառնում է կրթության և գիտության ոլորտին։ Նոր կառավարությունը կարևորում է դպրոցի աշակերտակենտրոն, իսկ ԲՈՒՀ-ի` ուսանողակենտրոն լինելը։

«Անհրաժեշտ է դադարեցնել դպրոցների և բուհերի՝ քաղաքական-կուսակցական նպատակներով օգտագործումը, ինչը տարիներ շարունակ բացասական ազդեցություն է գործել կրթության որակի վրա` աստիճանաբար հեղինակազրկելով դպրոցը, ԲՈՒՀ-ը, ուսուցչին, կրթության ոլորտի կազմակերպիչներին»,- նշված է ծրագրում։

Փաստաթղթում մի քանի կետերով սահմանվում են կրթության ոլորտի առաջնահերթությունները։ Կառավարությունը անհրաժեշտ է համարում մեծացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը և հասանելիությունը հանրապետության բոլոր համայնքներում, ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման մոդելներ։

«Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ մշակել նոր չափորոշիչներ և առարկայական ծրագրեր, վերարժևորել ավագ դպրոցի դերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական հմտությունները տարատեսակ փորձարարական ծրագրերի ու միջազգային փորձի հիման վրա»,- ասված է ծրագրում։

Ոլորտի առաջնահերթություն է համարվում նաև գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը, տրամադրվող միջոցների ուղղումը երկրի պահանջներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին։

Գործադիրը անհրաժեշտ է համարում նաև Հայաստանում ապրելու և ստեղծագործելու պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին:

«Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, տնտեսության մրցունակությանը և անվտանգությանը ամիջականորեն նպաստող համակարգ»,- նշվում է ծրագրում։

Կառավարության ծրագիրը քննարկելու համար հունիսի 7-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել