Բողոքի ցույցը Ղարաբաղում․ ինչպես եղավ

Հունիսի 4-ի երեկոյան Ստեփանակերտում քաղաքացիները դադարեցրին արդեն չորրորդ օրը շարունակվող բողոքի ցույցը՝ անսալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը քաղաքացիական ընդվզման աննախադեպ դրսևորում էր՝ ընդդեմ ուժային կառույցների կամայականությունների և արդարության պակասի։

Ինչպես սկսվեց բողոքը

Հունիսի 1-ի երեկոյան կենցաղային միջադեպ է տեղի ունենում երկու քաղաքացիների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների միջև։ Սկսված վիճաբանությունը վերաճում է ծեծկռտուքի։ Արդյունքում անվտանգության ծառայության մոտ 15 աշխատակիցներ դաժան ծեծի են ենթարկում երկու քաղաքացու։ Ոստիկանությունը բերման է ենթարկում ոչ թե ծեծողներին, այլ ծեծվածներին։ Ծեծվածներն ավելի ուշ տեղափոխվում են հիվանդանոց։ Նրանցից մեկը դեռ ծանր վիճակում է։ Միջադեպի մեջ, ըստ հրապարակումների, ներգրավված է եղել նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի որդին։

Միջադեպը վերաճում է բողոքի ցույցի։ Նույն օրը՝ հունիսի 1-ին, քաղաքացիները փակում են Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը։ Փողոցը փակելու ցույցը շարունակվեց չորս օր։

Քաղաքացիները պահանջում էին պաշտոնազրկել ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին։ Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ եկավ ցուցարարների մոտ՝ լսելու նրանց պահանջները։

Ցուցարարների գործողություններին համերաշխություն հայտնեցին Լեռնային Ղարաբաղի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանը և նրա կուսակիցները։

Կիրակի երեկոյան ցուցարարների պատվիրակությունը հանդիպեց նախագահ Բակո Սահակյանին, ներկայացրեց իր պահանջները։

Երկուշաբթի Ազգային ժողովը արտահերթ նիստ գումարեց և ստեղծեց հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի միջադեպի պատճառների հետաքննությամբ և պատասխանատվության կհրավիրի մեղավորներին։

Չնայած այս որոշմանը՝ քաղաքացիները շարունակեցին բողոքը և փակ պահեցին փողոցը։ Նրանց էին միանում մարդիկ Ղարաբաղի շրջաններից։ Լսվում էին Հայաստանում Թավշյա հեղափոխության ժամանակ հնչած երգերը։ Իրենց ելույթներում քաղաքացիները դժգոհում էին երկրում առկա սոցիալական անհավասարությունից և արդարադատության պակասից, ուժային կառույցների կամայականություններից։ Պահանջում էին նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին, որոնցից է, ըստ նրանց, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը (ազատազրկված է Հայաստանում)։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարութուն տարածեց՝ նշելով, որ Ղարաբաղում չի կարելի թույլ տալ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ հաշվի առնելով պատերազմական վիճակը։

Նմանատիպ կոչերով հանդես եկան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

Քաղաքացիները ցույցը դադարեցրին միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո։ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղերձում նրանց հորդորեց դադարեցնել ցույցը և սպասել ստեղծված խորհրդարանական հատուկ հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին։ «Գնդակը իշխանությունների դաշտում է»,- ասաց նա։

Լեռնային Ղարաբաղում բռնության այլ դեպքերի մասին

2015-ի հունվարին Բերձորում (Լաչին) Հայաստանից դեպի Ստեփանակերտ ընթացող ավտոերթի մոտ 150 մասնակիցներ ենթարկվեցին հարձակման Ղարաբաղի ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից, որոնք զինված էին մահակներով և ինքնաձիգներով։ Ավտոերթի մասնակցիների թվում էր Ղարաբաղյան պատերազմի վետերաններ, այդ թվում Շուշիի ազատագրման գործողության հրամանատարներից Ժիրայր Սեֆիլյանը։ Ավտոերթի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում Հայաստանի (ոչ թե Ղարաբաղի) իշխանությունների դեմ։ Բռնություն գործադրած անձանցից որևէ մեկը հետագայում պատասխանատվության չի ենթարկվել։

2016-ի հունիսին Ստեփանակերտի կենտրոնում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, քաղաքացիական և զինվորական հագուստով մոտ երկու տասնյակ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվեց պատգամավոր Հայկ Խանումյանը։ Ծեծողներն այնուհետ առևանգեցին Խանումյանին։

Հայկ Խանումյանը քննադատում էր Ղարաբաղի իշխանություններին 2016-ի ապրիլյան պատերազմում կրած տարածքային և մարդկային կորուստների համար, մատնանշում պետական համակարգում և բանակում առկա կոռուպցիան։ Նա նաև իր աջակցությունն էր հայտնել ծեծի նախորդ օրը Ստեփանակերտ ժամանած Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և պահանջում էր նրան նշանակել պաշտպանության նախարար։

Խանումյանի գործով ձերբակալվեց չորս հոգի՝ առևանգման հոդվածով։ Սակայն այս գործը ավելու ուշ վերաորակավորվեց խուլիգանության հոդվածի, և ձերբակալվածները նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով ազատ արձակվեցին։

Զառա Պողոսյան