LIVE BLOG. Ազգային ժողովի արտահերթ նիստը

Հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ՝ քննարկելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիրը։ ՍիվիլՆեթը տեքստային թարմացումներով լուսաբանում է նիստի ընթացքը։ Հետևե՛ք հակադարձ ժամանակագրությամբ։ Կառավարության ծրագիրը՝ այստեղ։ Նիստը մեկնարկում է 11։00-ին։

18:42

Կառավարության ներկայացրած ծրագիրն ընդունվեց 62 կողմ և 39 դեմ ձայներով:

18:36

Որևէ մեկը թող չմտածի, թե ինձ կամ կառավարությանը լավություն է անելու կառավարության ծրագրին կողմ քվեարկելով: Մենք որևէ մեկի լավության կարիքն Ազգային ժողովում չունենք, ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք դեմ քվեարկեք: Մենք ունենք ժողովրդի վստահությունը և մենք ասել ենք, որ ժողովրդի վստահությունը պետք է դառնա կոնկրետ քաղաքական արդյունք` անկախ դրանից դուք դա ուզում եք, թե չէ. Նիկոլ Փաշինյան

18:23

Եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

17:03

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց, որպեսզի այսօրվա արտահերթ նիստը շարունակվի մինչև օրակարգային հարցի սպառումը: Որոշումն ընունդվեց 63 կողմ և 0 դեմ ձայներով:

16:50

Ազգային ժողովի միջանցքում կառավարության ծրագրի քննարկման ընդմիջմանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ «Ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի»,- ասաց նա՝ խոսելով 27 տարին լրացած և ծառայությունից խուսափած քաղաքացիներին ներում շնորհելու մասին։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ Տոնոյանը ասաց, որ կիսում է նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դիրքորոշումը, որ որոշակի տարիքից հետո բանակից խուսափելու և դրա համար գումար վճարելու գործընթացը պետք է կանգնի։

Ազգային ժողովում շարունակվում է մտքերի փոխանակությունը և այս պահին ելույթ է ունենում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը. «Մենք թշնամի չենք, հակառակորդ չենք, քաղաքական մրցակից ենք` հենվեք մեզ վրա: Այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու և՛ հատվածական և՛ ընդհանուր»:

15:31

Քաղաքական առումով պատասխանատու է գործող կառավարությունը, ես պատասխանատու եմ այդ կառավարության համար որպես մարդ և Ձեզ հաջողություն եմ մաղթում. «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյան

14:35

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթ է ունենում ներդրումների աճի և նվազման մասին. «Հերթական Հանրապետական վարչապետը հայտարարեց, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու են 65.000 դրամ և դարձյալ` բլեֆ: Հանրապետական կուսակցության երկար ու տանջալի պաշտոնավարման արդյունքում մեր երկրի պետական պարտքը մոտեցավ 7 միլիարդի հոբելյանական շեմին»:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ Զոհրաբյանը ելույթը շարունակի ընդմիջումից հետո, սակայն Զոհրաբյանը շարունակեց խոսել: Ելույթի ընթացքում Հանրապետական կուսակցության պատգամավորները լքեցին դահլիճը:

14:25

Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ երբեք հեղափոխական կոմիտե: Սա պահանջում է հայրենիքի և բոլոր քաղաքացիների շահը: Ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր. Էդուարդ Շարմազանով

14:18

Մտքերի փոխանակության համար հերթագրվել է 15 պատգամավոր:

13:42

Ազգային ժողովում շարունակվում է հարց ու պատասխանը: Հերթագրված պատգամավորներն իրենց հարցերն են ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

13:00

Կախարդական փայտիկ կա և այդ փայտիկը արդեն գործում է. Նիկոլ Փաշինյան

12:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր տալու համար հերթագրվել է 11 պատգամավոր:

11:36

«Քաղաքականությունը և իշխանությունը չպետք է լինեն փող աշխատելու գործիք որևէ մեկի համար և հանրությունը պետք է լծակներ ունենա վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի»,- կառավարության ծրագիրը ներկայացնելով ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

11:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը:

11:07

Կառավարության ծրագիրը քննարկելու որոշումն ընդունվեց 94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Հայկական ժամանակ թերթն իր այսօրվա խմբագրականում գրում է, թե ինչ քննադատություններ են հնչելու կառավարության ծրագրի հասցեին, որը 30-էջանոց փաստաթուղթ՝ ի տարբերություն նախորդ՝ 130-էջանոց ծրագրի։

«Անկասկած, ՀՀԿ-ն քննադատելու է հեղափոխական կառավարությանը, որ իր ծրագրում որևէ կոնկրետ ցուցանիշ չկա։ Կառավարությունն իր ծրագրում չի նշել, թե որքան կկազմի տնտեսական աճը, որքանով կաճի, ասենք, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, որքանով կնվազի աղքատությունը և այլն, և այսպես շարունակ։ Կասեն, որ սա կենացներից բաղկացած ծրագիր է, բարի ցանկություններ են․․․»։

Թերթը նշում է, սակայն, որ այս կառավարության ամենակարևոր առաքելությունը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է․ «Այսինքն, եթե կառավարության ծրագիրը կազմված լիներ այս մեկ նախադասությունից և դրան ավելացվեր, որ կառավարության գործունեությունը ուղղված է լինելու այդ արտահերթ ընտրությունների լիակատար ազատ, թափանցիկ, առանց ընտրակաշառքների, առանց ադմինիստրատիվ ռեսուրսի, առանց բռնությունների անցկացման համար պայմաններ ստեղծելուն, վերջ՝ կառավարության ծրագիրը կլինի կատարյալ և անխոցելի»։

Մեկնաբանել