Եպիսկոպոսաց ժողովն անընդունելի է համարում կաթողիկոսի հրաժարականի կոչը

Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը հանդես եկել հայտարարությամբ՝ ի պատասխան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի կոչերի։ Վերջին օրերին հնչում են նմանատիպ կոչեր, իսկ այսօր Երևանում տեղի է ունեցել բողոքի երթ։

Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցել են Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները: Ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունը։

«Անընդունելի է մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր:

Մենք գիտակցում ենք Եկեղեցու ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը և ժամանակակից կյանքի պայմաններին համարժեք՝ եկեղեցական կյանքի բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը:

Հարգանք դրսևորելով մեր Եկեղեցու նախանձախնդիր հավատացյալների ողջամիտ ակնկալությունների ու սպասումների նկատմամբ՝ Հայ Եկեղեցու կանոնական մարմինների՝ Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի, Ազգային-եկեղեցական ժողովի շրջանակներում կշարունակենք քննարկել և արդյունավորել եկեղեցական բարեփոխումների գործընթացը՝ հավատացյալների հոգևոր պահանջները առավելագույնս բավարարելու համար»:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Մեկնաբանել