Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Տարոն Աճեմօղլուի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուի հետ: Ինչպես հաղորդում է վարչապետի կայքը, քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել է, որ ճիշտ ժամանակն է նախաձեռնել և սկսել իրականացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ քաղաքական ուղղվածությամբ, արդարադատության, ֆինանսական համակարգերի և ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելու նպատակով:

Տարոն Աճեմօղլուն կարևորել է իշխանության տարբեր ճյուղերում ինստիտոցիոնալ հակակշիռների ճկուն մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն նախկինում եղած արատավոր երևույթների բացառումը, կառավարության գործելաոճի թափանցիկության բարձրացումը, ինչը թույլ կտա հանրությանն իշխանության գործողությունները պահել մշտադիտարկման մեջ:

«Ներկա կառավարության գործունեության արդյունքում քաղաքացիները զգում են իրենց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Շատ մարդիկ Հայաստանում այս պահին իսկապես ոգևորված են, իսկապես ուզում են լինել քաղաքականության մաս»,- ասել է Տարոն Աճեմօղլուն:

Տնտեսագետը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել քննարկումները վերոհիշյալ հարցերի շուրջ:

***

Մայիսի կեսին Նիկոլ Փաշինյանն տեղեկացրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ և վերջինս պատրաստակամություն էր հայտնել աջակցելու Հայաստանին՝ «տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում»։

Մայիսի 21-ին Աճեմօղլուն տեսակապի միջոցով մասնակցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտում կայացած քննարկմանը, որը կրել է «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» խորագիրը։ 

Աճեմօղլուի՝ Հայաստանին տված խորհուրդներին ծանոթացեք այստեղ։