Աճեմօղլուն հերքել է, որ Թուրքիայի կառավարությունում ընդգրկվելու առաջարկ է ստացել

Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն հերքել է տեղեկությունները, թե թուրքական կառավարությունում ընդգրկվելու առաջարկ է ստացել։ Cumhuriyet թերթի հետ զրույցում տնտեսագետն ասել է, որ դրանք ասեկոսեներ են, և ինքը նման առաջարկ չի ստացել։

Ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հայտնի տնտեսագետը կստանձնի Թուրքիայի տնտեսության ղեկը։ Մասնավորապես, Habertürk թերթի սյունակագիր Նագեհան Ալչըն գրել էր, որ հավաստի աղբյուրների համաձայն՝ Աճեմօղլուն այն անձանցից է, որոնց հետ մտադիր է աշխատել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սյունակագիրը նշել էր, որ Աճեմօղլուն կարող է ստանձնել «պատմական առաքելություն՝ լուծելու Թուրքիայի տնտեսության կառուցվածքային խնդիրները»։

Ahval News կայքը այս առիթով գրում է, որ թեման բավական բուռն քննարկվել է սոցիալական մեդիայում, և շատերը հակված էին կարծելու, որ Աճեմօղլուն չի ընդունի առաջարկը, քանի որ իր և Էրդողանի միջև կան սուր տարակարծություններ։

***

Վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո՝ մայիսի կեսին, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ և վերջինս պատրաստակամություն էր հայտնել աջակցելու Հայաստանին՝ «տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում»։

Մայիսի 21-ին Աճեմօղլուն տեսակապի միջոցով մասնակցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտում կայացած քննարկմանը, որը կրել է «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» խորագիրը։

Հունիսի կեսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության մի շարք անդամներ տեսակոնֆերանս են անցկացրել պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուի հետ և քննարկել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Մեկնաբանել