Մարտի 1-ի գործը վերաբացված է․ Քոչարյանը՝ հարցաքննության, Միքայել Հարությունյանը՝ մեղադրյալ

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն՝ 2008 թվականի մարտի 1-ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունում ՍիվիլՆեթին հաստատեցին այս լուրը՝ նշելով, որ առայժմ դրա մասին պաշտոնական հաղորդագրություն չկա։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ Ազատությանը հայտնել է, որ ժամը 17:00-ի դրությամբ հարցաքննության ծանուցում չեն ստացել, իսկ ինքը՝ Քոչարյանը, Հայաստանում չէ։

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել նաև, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը։ Նա մեղադրվում է 2008-ի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանահատվածում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Նշվում է նաև, որ «պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ»:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում բազմաթիվ ընտրախախտումներով և վարչական ռեսուրսի չարաշահումներով տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը։ Նրա մրցակից, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և կողմնակիցները չընդունեցին ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ Տեր-Պետրոսյանը ստացել էր 21,5 տոկոս ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 52.8 տոկոս։ Ընտրություններին հաջորդած հանրահավաքներն ու խաղաղ ցույցերն ավարտվեցին իշխանությունների կողմից բռնի ուժի գործադրմամբ մարտի 1-ին, ինչի արդյունքում զոհվեց տասը հոգի, մոտ 300-ը վիրավորվեցին։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում հայտարարեց արտակարգ դրություն։ Բանակային ստորաբաժանումներ մտցվեցին Երևան։

2008-ի մարտի 1-ին ժողովրդական ցույցը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը՝ այն ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավոր աջակիցներից։ Փաշինյանի նկատմամբ հայտարարվում է հետախուզում, նա անցնում է ընդհատակ և ներկայանում է դատախազություն միայն 2009-ի հուլիսին։ Դատապարտվում է յոթ տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Երկու տարի անց՝ 2011-ի մայիսին, համաներմամբ ազատ է արձակվում։

Տասը տարվա ընթացքում Մարտի 1-ի գործով որևէ մեկը իրավական պատասխանատվության չի ենթարկվել։

Փաշինյանը իր բազմաթիվ հրապարակային ելույթներում և հոդվածներում Մարտի 1-ի համար պատասխանատու է համարել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և մյուսներին և բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Մարտի 1-ի մեղավորները պետք է պատժվեն։

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը իր կառավարության առաջնահերթություններից է։

Զառա Պողոսյան

Մեկնաբանել