Արցախում վերացվել է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկին կարգը

2018թ. հուլիսից Արցախի հանրապետության զինված ուժերում գործածության մեջ է դրվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակելու նոր կարգ, որի համաձայն վերացվել է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը:

«Կատարված փոփոխությունից հետևում է, որ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված  նորակոչիկին իրավունք է վերապահվում առանց որևէ խոչնդոտի ծառայել այն զորամասում, որտեղ նախորոշվել է վիճակահանության արդյունքում, անգամ, եթե տվյալ զորամասը գտնվում է նորակոչիկի ծննդավայրին մերձակա տարածքում:

Նոր կարգն արդեն իսկ կիրառվում է հանրապետության զինված ուժերում մեկնարկած 2018թ. ամառային զորակոչի ընթացքում»,- ասված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: